ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը և երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփն ընտրողների աջակցության միևնույն մակարդակն են ապահովում նախագահական ընտրությունների նախաշեմին: Այդ մասին է վկայում վերջին հարցումը, որը Leger վերլուծական ընկերության կողմից անցկացվել է The New York Post պարբերականի համար։
Հարցման տվյալների համաձայն՝ և՛ Հարիսը, և՛ Թրամփն ունեն հարցվածների 49 տոկոսի աջակցությունը, մինչդեռ 2 տոկոսը հայտնել է այլընտրանքային թեկնածուների օգտին քվեարկելու մտադրության մասին:
Բացի այդ, երկու թեկնածուներն էլ հավասար աջակցություն են ստացել՝ 44-ական տոկոս, ի պատասխան այն հարցի, թե նրանցից ով կբարելավի ամերիկացիների կենսամակարդակը։ Միևնույն ժամանակ, Թրամփը տնտեսական ռազմավարության հստակության հարցում 45 տոկոսով առաջ է անցել Հարիսից, որը հավաքել է 42 տոկոս։
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 3-ը, դրան մասնակցել է 950 հավանական ամերիկացի ընտրող, սխալանքը կազմում է 3 տոկոսային կետ։
Ավելի վաղ The New York Post-ի խմբագրակազմը պաշտոնապես պաշտպանել էր Թրամփի թեկնածությունը առաջիկա ընտրություններում։
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Պետության ղեկավարի պաշտոնի համար Հանրապետական կուսակցությունից պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա հետ մեկտեղ փոխնախագահի թեկնածու է հաստատվել Օհայոյի նահանգից սենատոր Ջեյ Դի Վենսը։ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է Քամալա Հարիսը, իսկ փոխնախագահի պաշտոնին հավակնում է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը։