Երևանի քաղաքապետարանը Ամանորից 2 ամիս առաջ արդեն իսկ սկսել է ամանորյա տոնակատարությունների գնումները։
Երևանի քաղաքապետարանը «Լիլանարմ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել՝ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում ամանորյա միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար։ Պայմանագրի արժեքը կազմել է 5 մլն 615 հազար դրամ։
Ամանորյա ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում տեղադրված տոնածառի շուրջ կազմակերպի տոնական միջոցառում, որը պետք է տևի առնվազն 45-60 րոպե։ Պատվիրատուն պետք է ապահովի պրոֆեսիոնալ հանդիսավար՝ միջոցառումը վարելու համար։ Համաձայն պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ պատվիրատուն պետք է ապահովի հայկական էստրադայի հայտնի, ճանաչված, սիրված, միջազգային բեմերում համերգային ծրագրեր ունեցած երգիչներ ներկայությունը։
Պետք է մասնակցի առնվազն 3 երգիչ՝ 9 երգ, և պետք է ապահովվի ամանորյա մանկական մյուզիքլներկայացում հայտնի խմբի մասնակցությամբ ներկայացման սցենարը և խմբի ընտրությունը համաձայնեցնել պատվիրատուի հետ: Ներկա պետք է լինի Ձմեռ պապ, Ձյունանուշ՝ իրենց համապատասխան սցենարով, 5 կերպարներ՝ մեծ սպիտակ արջ, ձնեմարդ, պինգվին և այլն /կերպարների ընտրությունը, արտաքին տեսքը համաձայնեցնել պատվիրատուի հետ/։
Ծառայություն մատուցող կազմակերպությունը վարչական շրջանի Ամանորի զարդարանքի համար պետք է տրամադրի հետևյալ զարդարանքի պարագաները՝ 2 հատ մետաղական կոնստրուկցիայով քառակուսի լուսավոր տուփ ժապավենով /յուրաքանչյուրը 115000-125000 դրամի սահմանում։ 20 հատ զարդանախշ՝ յուրաքանչյուրը
32000-37000 դրամի սահմանում։ Թվերի հավաքածու՝ 1 հատ 195000-205000 դրամի սահմանում։
50 հատ տոնածառի լույսեր /յուրաքանչյուրը 18000-22000 դրամի սահմանում/ Գույնը սպիտակ, լուսային գաման սպիտակ լույս, ջրադիմացկուն, չթարթող։
Դեկտեմբերի 20-ը պայմանագրի կատարման վերջնաժամկետն է։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին՝ 2015 թ. հոկտեմբերի 30-ին քաղաքաշինության նախարարության և կոնսորցիում համաձայնությամբ հանդես եկած «Լիլանարմ» ու «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ների միջև կապալային պայմանագիր էր կնքվել Երևանի Վիլնյուսի 61 հասցեում գտնվող թիվ 120 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կատարելու վերաբերյալ:
Սակայն կապալի շրջանակում նախատեսված և պետբյուջեից ստացված 108.920.995 դրամ գումարը կոնկրետ և նպատակային աշխատանքների համար օգտագործելու փոխարեն ուղղվել է մանկապարտեզի 5 մասնաշենքերում տարբեր և միմյանց հետ հաջորդականություն չունեցող՝ քանդման, նախապատրաստման, լոկալ նորոգման և այլ աշխատանքների իրականացմանը: Այդ ընթացքում «Լիլանարմ» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Ն. Պ.-ն, չնայած կատարված չեն եղել ծավալաթերթ-նախահաշիվներով նախատեսված նորոգման աշխատանքները, քաղաքաշինության նախարարություն է ներկայացրել 108.920.995 դրամի շինաշխատանքների մատուցման հաշիվ-ապրանքագրեր և աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ ու կատարողական ակտեր:
Աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող «Հայկասար» ՍՊԸ ներկայացուցիչ Մ. Պ.-ն, իր հերթին, կատարողական ակտերում իր ստորագրությամբ հաստատել է աշխատանքներն ամբողջությամբ կատարած լինելը, ինչի հիման վրա Ն.Պ.-ն, աշխատանքների ողջ գումարի վճարումից հետո յուրացրել էր չկատարված աշխատանքի ծավալով նախատեսված և իրեն վստահված խոշոր չափերի գումարներ:
Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել էր Քննչական կոմիտե։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան