Երեկ կեսգիշերին «Դվին» հյուրանոցի մոտակայքում, որտեղ հարևանությամբ գտնվում է նաև կառավարական ամառանոցը, հրավառություն է եղել: Թե ով է հեղինակը՝ անհայտ է։
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է հրավառությունը, որը նախ անհանգստություն է պատճառել տարածքում բնակվողներին, ահաբեկել կեսգիշերին քնած բնակիչներին, բացի այդ, խախտվել է օրենք, ըստ որի հրավառություն անելը արգելվում է՝ սկսած ժամը 23։00-ից մինչև 07։00-ը։
Նշենք, որ օրենքը խախտողների համար մինչև 3 միլիոն դրամ տուգանք է նախատեսվում։
Հետաքրքիրն այն է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 10-ին ԱԱԾ պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանը, ըստ մամուլի, ազատվել էր աշխատանքից այն պատճառով, որ մեծ հրավառություն էր եղել նույն «Դվին» հյուրանոցի տարածքում, սակայն նախապես ՊՊԾ-ն տեղեկցված չէր այդ մասին, հետևաբար նաև՝վարչապետը:
ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ՝ պարզելու՝ ո՞վ էր հրավառություն իրականացնողն ու արդյո՞ք տուգանվել է օրինախախտության համար, սակայն առայժմ պատասխան չենք ստացել։
Պատասխանը ստանալու դեպքում՝ այն կհրապարակենք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան