Վերջին օրերին առանձին հատվածներ հրապարակվեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2013 թվականի Օմբուդսմենի Զեկույցից: Այսօր արդեն կարող ենք ամբողջությամբ հրապարակել Զեկույցը: Այն մեր պաշտոնական կայքում է՝ http://pashtpan.am/article/1156 :
Զեկույցի առաջին հատվածների հրապարակումից հետո երեք պետական մարմինների կողմից արդեն իսկ կան հակադարձումներ:
Չնայած դրանցում տեղ են գտել արդեն ավանդական դարձած խայթոցներ ու բովանդակային անճշտություններ, սակայն պետական այդ մարմինների արձագանքը կիրթ է և հնարավորություն է ստեղծում ծավալել օգտակար հրապարակային բանավեճ: Հետևաբար, առկա և սպասվող բոլոր հակադարձումներին մենք հընթացս և համարժեքորեն կարձագանքենք:
Անարձագանք կմնան միայն էժանագին պիտակները: Մեր կառույցին և արժեհամակարգին հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը: Նման մարդիկ մեր կողմից պատասխանի չեն արժանանա, սակայն մեր պաշտպանությունն ինչպես միշտ մատչելի կլինի նաև նրանց համար:
Լրագրողներին հետաքրքրող հարցերին էլ կպատասխանենք հաջորդ շաբաթ կայնալիք մեր մամլո ասուլիսի ընթացքում:
Կարեն Անդրեասյան