ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին:
Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, Նալբանդյանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ:
«Ազատության»փոխանցմամբ ` նա, մասնավորապես, ասել է, թե «Հայաստանն ի վերջո միացել է ՄՄ-ին, քանի որ միշտ էլ հայտարարել է, որ ուզում է անդամակցել Մաքսային միությանը, պարզապես նախկինում Հայաստանին Մաքսային միություն չէին հրավիրում` պատճառաբանելով, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության մյուս անդամների հետ»:
Սակայն երբ փորձագետները ուսումնասիրել են խնդիրը և հանգել եզրակացության, որ, այնուամենայնիվ, Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը, Երևանը դադարեցրել է բանակցությունները Բրյուսելի հետ և որոշում կայացրել միանալ Մաքսային միությանը:
Իր մայր բուհում պատվավոր դոկտորի կոչում ստացած ՀՀ դիվանագիտական կորպուսի ղեկավարի այս հայտարարությունն այլ կերպ, քան մասնագիտական անմեղսունակություն, անվանելը դժվար է: Կամ էլ ` գուցե հայտնվելով Մոսկվայում և ընկնելով ուսանողական հուշերի գիրկը, Նալբանդյանը մի պահ կտրվել է իրականությունից և շփոթել, թե որ երկրի դիվանագիտական շահերն է ինքը ներկայացնում:
Այլապես դժվար է բացատրել, թե ինչպես կարող է ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել, թե Հայաստանը շատ էր ցանկանում, բայց չէր անդամակցում Մաքսային միությանը, քանի որ մեզ չէին հրավիրում` ՄՄ հետ ընդհանուր սահման չունենալու պատճառով:
Կարիք չկա հիշեցնել, որ այդ ՀՀ վարչապետն էր ռուսական «Իզվեստիա» պարբերականում իր հայտնի հոդվածով հիմնավորում, թե ինչու Հայաստանը չի ցանկանում անդամակցել Մաքսային միությանը ՝ որպես դրա ՝ թիվ մեկ պատճառ մատնանշելով ընդհանուր սահմանի բացակայությունը:
Բացի այդ, ինչ է նշանակում` Հայաստանը շատ էր ուզում անդամակցել, սակայն մեզ չէին հրավիրում ՄՄ:
Ինչևէ, երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, որևէ ակնարկ եղա՞վ առ այն, որ մեր երկրին ՄՄ անդամները հրավիրել են: Ոչ: Չեղավ: Եվ դա քաջ հայտնի է նաև Է. Նալբանդյանին:
Ուստի` անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել ՀՀ արտգործնախարարը ` նման հայտարարություններ անելով: Բացի այն, որ իր խոսքերը տրամագծորեն հակասում են մինչ այդ ՀՀ իշխանությունների արած հրապարակային հայտարարություններին, ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի չստորագրումը նման կերպ հիմնավորելով ` Նալբանդյանն ավելորդ անգամ ընդգծեց ՀՀ իշխանությունների ` անհուսալի գործընկեր լինելու հանգամանքը: