Նոր ծառեր են հատվելու․ որտե՞ղ և ինչո՞ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ մարտ ամսից մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցներում կտրվել են հաստաբուն, հնաբնակ ծառեր, որոնք երևանցիներին, քաղաքի հյուրերին պաշտպանում էին ամռան տապից։

Ըստ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի՝ կտրված, արմատախիլ արված ծառերը կա՛մ կենսունակությանը մոտ են եղել, կա՛մ արդեն կենսունակ չեն։ Հիմնական «ոչնչացված» ծառերը թեղիներն են, որոնց կյանքի տևողությունը, Բեգոյանի պնդմամբ, 40-45 տարի է, իսկ Երևանում առայժմ առկա թեղիները 70 տարվա պատմություն ունեն։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ArmLur.am-ին փոխանցեց, թե Կենտրոն վարչական շրջանի որ փողոցներում են սպասվում հերթական ծառահատումները, որոնք փոխարինվելու են նորերով։

«Աշնանային այս ժամանակահատվածում մենք նախատեսում ենք ավարտել այն փողոցները, որոնք մաս-մաս ենք արել։ Դրանք չորսն են․ մեկը Թումանյան փողոցն է, որը այս աշուն չի փոխարինվի, Ալեք Մանուկյան փողոցում ենք իրականացնելու, մոտ 70 տոկոսը արված է, մնացածն են անելու, Ուլնեցի և Խանջյան փողոցներում ենք անելու։ Կրկին թեղիներն են փոխարինվելու։ Ալեք Մանուկյան փողոցում տեղադրվելու են այն ծառերը, որոնցից արդեն տեղադրվել են, շատ լավ ու գեղեցիկ ծառեր են, ՕԳԳ-ն շատ բարձր է»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Բեգոյանը։

Ստացվում է այնպես, որ ամռանը երևանցին կրկին խնդրի առաջ է կանգնելու, այսինքն՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու հավանականությունը շատ քիչ է լինելու։

Աննա Սրապիոնյան




Լրահոս