Կառավարությունն առաջարկում է խանութներում իրական կաթից պատրաստված և ոչ կաթից պատրաստված կաթնամթերքներն առանձնացնել. առանց կաթնային յուղի փոխարինչի կաթնամթերքը տեղադրել կանաչ, իսկ կաթնային յուղի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը՝ նարնջագույն դարակաշարում: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Կկանոնակարգվեն առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերքի վաճառքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Բոլոր կարգավորումները միտված են կանխելու մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողին մոլորության մեջ գցող գործողությունները»,–ասաց նախարարը:
Ըստ նախագծի՝ առևտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանմամբ տեղեկատվական պիտակ:
«Սպառողը պետք է կարողանա տեսնել, թե որտեղ է իրական կաթից պատրաստված կաթնամթերքը և որտեղ՝ ոչ կաթից պատրաստված կաթնամթերքը»,–նշեց Պապոյանը:
Սահմանված պահանջի խախտումը կառաջացնի տուգանք:
Պատգամավորներից ոմանց կարծիքով՝ այսպիսով անհարմարություններ են ստեղծվում փոքր խանութների համար՝ տարածքի առումով: «Երբ սահմանում ենք դարակաշարերի պահանջ, տեխնիկական խնդիր է առաջանում փոքր խանութների դեպքում: Կարող է՝ տարածքով փոքր կրպակ է, որ առանձին դարակաշարեր դնելու տեղ չունի»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:
Նա ներկայացրեց հանձնաժողովի առաջարկը, որ պահանջը դրվի ոչ թե խանութների դարակաշարերի, այլ ապրանքների վրա լինի կպչուն ժապավենների պահանջ:
Նախարարն ասաց, որ առաջարկը մասամբ են ընդունել, քանի որ ԵԱՏՄ կանոններով մակնշման նոր պահանջ պետք է ավելացնեին, ինչը հնարավոր չէր: Ուստի սահմանել են, որ արտադրողները կարող են արտադրանքի վրա իրենց ցանկությամբ կանաչ կամ նարնջագույն մակնշում իրականացնել:
Իշխանական և ընդդիմադիր խմբակցություններից այլ պատգամավորներ ևս իրենց մտահոգությունը հայտնեցին նախագծի վերաբերյալ:
Բաբկեն Թունյանն առաջարկեց հիմա որոշումը չընդունել, մեկ անգամ ևս քննարկել նախագիծը, հասկանալ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցը, նախագծի քննարկումը հետաձգել մինչև հաջորդ նիստ: Քվեարկությունը հետաձգվեց մինչև 2 ամիս ժամկետով, նախագիծը կներառվի հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում:
Մանրամասները՝ տեսանյութում։