Միջազգային բոլոր կառույցներում մենք խնդիրներ ունենք․ պատճառը քաղաքական իշխանության կրավորական դիրքն է․ միջազգայնագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հայաթափումից, 120 հազար մարդու անտուն թողնելուց հետո, երբ հայկական կողմը միջազգային կառույցներին է դիմում օգնության, խնդիրների լուծման առաջարկների, աջակցության համար, միջազգային կառույցների պատասխանը կա՛մ շատ լղոզված է լինում, կա՛մ էլ պատասխանը լինում է լռությունը։ Ի՞նչն է սրա պատճառը՝ պարզ չէ։

ArmLur.am-ը այս թեմայի շուրջ զրուցել է միջազգայնագետ Արմեն Մանվելյանի հետ։

-Պարո՛ն Մանվելյան, ինչի՞ հետևանքով է, որ Արցախի հայաթափումից, 120 հազար մարդու անտուն թողնելուց հետո, երբ միջազգային ցանկացած կառույցի ենք դիմում՝ մեր խնդիրները բարձրաձայնելու, դրանց լուծում տալու համար, միջազգային կառույցներից (ՄԻԵԴ, ԵԽԽՎ) ստանում ենք միայն լռություն։ Ինչի՞ հետևանքով է սա՝ ըստ Ձեզ։ Իշխանության մեղքը կա՞ այստեղ։

-Խնդիրը նրանում է, որ միջազգային բոլոր կառույցներում մենք խնդիրներ ունենք, պայմանավորված առաջին հերթին մեր քաղաքական իշխանության, մեղմ ասած, կրավորական դիրքի հետ Արցախի խնդրի հետ կապված։ Գոնե ես իմ ընկերների հետ, մեր կապերով դիմում ենք տարբեր միջազգային կառույցների, իրենք պատասխանում են, որ ձեր իշխանությունների կողմից այս հարցի վերաբերյալ բավականին պասիվ դիրքորոշում կա ու շատ դեպքերում նույնիսկ որոշում կա, որ իրավիճակը պետք չէ սրել, փորձում ենք իբրև Ադրբեջանի հետ ընդհանուր հայտարարի գալ, իսկ ձեր այս տիպի հայտարարությունները մեզ խանգարում են։ Այսինքն՝ հենց գործող քաղաքական ռեժիմն է իր քայլերով ամեն բան անում, նույնիսկ ինչ-որ ձևով կարելի է ասել որպես փաստաբան է հանդես գալիս Ադրբեջանի համար՝ թույլ չտալով, որ բարձրաձայնենք այն աղետը, որը կատարվել է Արցախում, այն հայաթափումը՝ փաստացի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել այնտեղ։

-Այսինքն կարելի՞ է ասել, որ միջազգային կառույցները ավելի շատ են մտահոգված մեր խնդիրներով և դրանց լուծումներով, քան այսօրվա իշխանությունը։ Ինչո՞ւ է այդպես։

-Միանշանակ կարելի է պնդել, որովհետև օրինակի համար եվրոպարլամենտն ընդունում է որոշումներ, որոնց դեմ ես գիտեմ, որ Հայաստանի իշխանությունները որոշակի նույնիսկ դեմ քայլեր են փորձում կատարել, կա պայմանավորվածություն Շվեյցարիայի խորհրդարանի կողմից՝ ի պաշտպանություն Արցախի ընդունված որոշումների և այլն, և այլն, և այն հայաստանյան կառույցները, օրինակ Վարդան Օսկանյանի ղեկավարած հանձնաժողովը փորձում է տարբեր երկրներում աշխատանքներ իրականացնել, միշտ հանդիպում է հենց այդ խոսքին, որ գիտեք, ձեր իշխանությունները դիմում են մեզ ոչ մի կերպ չաջակցելու, չօգնելու, Արցախի հետ կապված խնդիրներին չնպաստելու և այլնի համար։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս կառույցները ավելի հայամետ են դարձել, քան՝ Հայաստանում գործող քաղաքական ռեժիմը։

-Ո՞րն է այդ դեպքում իշխանավորների դրդապատճառը մեր խնդիրների չլուծման։

-Խնդիրը հետևյալում է․ բացի իրենց էությամբ, տեսակով, գաղափարախոսությամբ, հակահայ լինելու իրենց այս տեսակին, իրենք նաև իրենց անձնական խնդիրն են լուծում՝ ամեն գնով մնալ իշխանության, որ իրենց գոյատևման և գոյաբանական խնդիրը լուծեն։ Հասկանում են, որ այն հանցանքները, որոնք իրենք գործել են, ապա այդ հանցանքները գործող քաղաքական ուժը կամ կլանը չի կարող իշխանությունը ոչ մի կերպ հանձնել մեկ այլ ուժի, որովհետև այդ դեպքում, ինչպես ասացի, իրենք գոյաբանական խնդիր կունենան։ Հետևաբար այս ճանապահին, այս խնդիրը լուծելու հարցում իրենք, այսպես ասենք, Հայաստանի արտաքին քաղաքականությունը Մոսկվայից կամ հյուսիսից տեղափոխեցին դեպի արևմուտք՝ հույս ունենալով, որ իրենց հակառուսականության մեջ հանձինս արևմուտքի կտեսնեն գործընկերների, որոնք նաև որոշակի երաշխիքներ կտան իրենց իշխանության մնալու համար։ Սակայն իրենք այստեղ հանդիպեցին մի իրավիճակի, որ հասկացան՝ արևմուտքը նմանատիպ երաշխիքներ իրենց տալ չի պատրաստվում, և այս պայմաններով այս աշխարհաքաղաքական խաղացողի կամ տիրոջ փնտրտուքի ճանապարհին իրենք հանկարծակի հայտնաբերեցին, որ դա կարող է լինել պաշտոնական Անկարան։ Այսինքն Թուրքիան կարող է իրենց գոյատևման և գոյաբանական խնդիրները լուծել, նորից եմ կրկնում՝ իրենց անձնական խնդիրները։ Նեղկլանական իշխանության մնալու հարցով հայտնաբերեցին, որ դա կարող է լինել Թուրքիան։ Հետևաբար այս պայմաններում Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերությունների բարելավման պայմաններում իրենք պատրաստ են բոլոր պայմանները, պահանջները կատարել, որոնցից առաջինն է գալ համաձայնության պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանի հետ։ Իրենք հայտնվել են աշխարհաքաղաքական մի այնպիսի փակուղու մեջ, որից դուրս գալու միակ ելքը իրենք տեսնում են Անկարայի հետ ամեն գնով լեզու գտնելու մեջ, այսինքն մաս կազմելու թուրանական աշխարհի կամ Թուրքիայի թուրանական քաղաքականությանը սպասարկող որպես կառույց դառնալու և ամբողջ Հայաստանը ծառայեցնելու այդ թուրանիզմի գաղափարախոսությանը։ Սա շատ վտանգավոր ճանապարհ է Հայաստանի և հայ ժողովրդի համար, որովհետև սա Հայաստանի վիլայեթացման կամ ադրբեջանցիների լեզվով ասած՝ Արևմտյան Ադրբեջան տանելու ճանապարհ է։

Աննա Սրապիոնյան




Լրահոս