Աննորմալ է, երբ ՍԴ դատավորը մեկնաբանում է օրենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ  պատգամավոր Էդմոն Մարուքյանը  armlur.am լրատվականի  հետ զրույցում ասաց, որ դեռ ծանոթ չէ Սահմանադրական դատարանի կայացրած երեկվա որոշմանը, որն առնչվում է կուտակային կենսաթոշակային օրենքին:

Ինչ վերաբերում է  ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի երեկվա  հայտարարությանը, թե մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է, և քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները, պրն Մարուքյանի խոսքով, եթե նման բան է ասում ՍԴ անդամը, ուրեմն այդպես է:

Փաստորեն, 5 տոկոս  կուտակային վճարը  քաղաքացիների աշխատավարձից պահվելո՞ւ է  ՝ պայքարն  արդյունք չտվեց:

«Այո»,- ասաց Մարուքյանը ` հավելելով, որ  որքան ինքը գիտի` օրենքը հետ է գալու ԱԺ, ենթարկվելու փոփոխությունների: «Ինչքան ես եմ պատկերացնում ` օրենքի բուն էությունը չի փոխվել»,- ասաց Մարուքյանը:

Զրուցեցինք նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանի հետ: Վերջինս ասաց, որ  ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ գործատուները կարող են փոխանցել, կարող են չփոխանցել 5 տոկոս վճարները:

«ՍԴ-ն  որքան ես եմ հասկանում պետք է հակասահմանադրական ճանաչեր նորմերը և ոչ անվավեր: Սակայն, եթե գրվում է անվավեր ու հակասահմանադրական, ու դա արդեն հրապարակման պահից ուժի մեջ է մտնում, այլևս անվավեր ճանաչված նորմի ուժը կորցրած  ճանաչելու համար ժամկետներ դնելն ինձ համար անհասկանալի է»,- ասաց նախաձեռնության անդամը:

Դավիթ Մանուկյանի համար նաև անհասկանալի է ` ինչ հիմքով է ՍԴ-ի դատավորը մեկնաբանություն տալիս օրենքին:

«Դա ինձ համար աննորմալ է: Ես որպես քաղաքացի, ամաչում եմ, որ մեր երկրում  հակասահմանադրական ճանաչված նորմերը ևս 6 ամիս պետք  է գործեն»,- ասաց Դավիթ Մանուկյանը` հավելելով, որ այս որոշմամբ ևս վճարումները թողնված են գործատուների քմահաճույքին:

Ապրիլի 12-ին Դեմ եմ նախաձեռնությունը նորից հանրահավաք է կազմակերպում, որպեսզի քաղաքացիներին տեղյակ պահի, որ պայքարը շարունակվում է:

-Փաստորեն, «Դեմ եմ» նախաձեռնությունը  չի հանձնվելու ու պայքարը շարունակելու է մինչև վերջ:

-Իհարկե, չի հանձնվելու, 6 ամիս շարունակ  երկրում հակասահմանադրական նորմեր են գործելու:

-Այսինքն` «Դեմ եմ»-ին չի բավարարում ՍԴ-ի այս որոշումը:

-Ես այդ  գնահատականն առայժմ չեմ կարող տալ, քանի որ «Դեմ եմ»-ը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել: Այն, ինչ հիմա ես ասացի, դա իմ անձնական կարծիքն է: Ինձ համար դրական է այն, որ այդ  օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական են: Բայց ինձ  որպես քաղաքացի չի գոհացնում այն, որ այդ  հակասահմանադրական նորմերը գործելու են վեց ամիս շարունակ:

Սոնա Դավթյան




Լրահոս