Փաշինյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, որ տեղի ունեցող քննարկումների արդյունքում հնարավոր կլինի պայմանագրի նախագծի բոլոր կետերի շուրջ հասնել համաձայնության և արդյունքում ստորագրել խաղաղության պայմանագիր: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, դրա նպատակներին ու սկզբունքներին:

Ռումեն Ռադևը կարևորել է տեղի ունեցող գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Բուլղարիայի նախագահը նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հույս է հայտնել և ողջունել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնողական քայլերը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շուրջ:




Լրահոս