Արքայազն Ուիլյամը հայտնել է, որ այս տարին իր կյանքում ամենադժվարն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուելսի արքայազնը վերջին տարին բնութագրել է որպես իր կյանքի «ամենադժվար տարի»։ Հարավաֆրիկյան Հանրապետություն իր այցի ավարտին լրագրողների հետ զրույցում արքայազն Ուիլյամը խոսել է իր հոր և կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշման մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Սարսափելի էր։ Սա, հավանաբար, իմ կյանքի ամենադժվար տարին էր։ Մնացած ամեն ինչը հաղթահարելը և ամեն ինչ իր տեղում պահելն իսկապես բարդ է եղել», – ասել է արքայազն Ուիլյամը, երբ նրան հարցրել են այն մասին, թե ինչպիսին է եղել այս տարին արքայական ընտանիքի համար։

Բուքինգհեմյան պալատը փետրվարին հայտնել էր Չարլզ 3-րդ թագավորի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին։ Դրանից ընդամենը վեց շաբաթ անց հայտարարվեց, որ Ուելսի արքայադուստրը քաղցկեղի ախտորոշումից հետո քիմիաթերապիայի կուրս է անցնում։

Բրիտանիայի թագավորն արդեն վերադարձել է իր պարտականությունների կատարմանը, իսկ Քեթրինն ավարտել է քիմիաթերապիայի կուրսը։

«Ես հպարտ եմ իմ կնոջով, ես հպարտ եմ իմ հորով այս ամենը հաղթահարելու համար։ Բայց անձնական, ընտանեկան տեսանկյունից այս ամենը դաժան էր», – ասել է նա։

Արքայազն Ուիլյամը Հարավաֆրիկյան Հանրապետություն էր մեկնել Earthshot Prize բնապահպանական նախաձեռնության մրցանակները շնորհելու։ Նա հինգ հաղթող նախագծերին տվել է 1-ական միլիոն ֆունտ ստեռլինգ իրենց բնապահպանական նորարարությունների համար։ Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 2021 թվականին և նախատեսվում է շնորհել մինչև 2030 թվականը։

Ուելսի արքայազնը նշել է, որ իրեն դուր է գալիս Earthshot-ի նման նախագիծ իրականացնելը։

«Ես օգնում եմ մարդկանց և անում եմ մի բան, որն իսկապես նշանակություն ունի», – ասել է նա։

Նրան նաև հարցրել են իր մորուքի մասին, որ նա պահում է անցյալ ամառվանից; Արքայազն Ուիլյամն ասել է, որ իր մտերիմների կարծիքներն այս հարցում տարբերվում են։ Նա նույնիսկ ստիպված է եղել սափրել մորուքը, քանի որ նրա դուստր Շառլոթը լաց է եղել, երբ այն տեսել է առաջին անգամ։ Սակայն հետո արքայազն Ուիլյամը նրան համոզել է փոխել վերաբերմունքը։




Լրահոս