«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրացավ Արցախը հանձնելու կապիտուլյացիոն պայմանագրի եւ Արցախի պատմության վերջին էջը շրջելու գործընթացի 4-րդ տարելիցը։ Տարելից, քանի որ 2020 թվականից հետո լուսաբացները Հայաստանում այլեւս տոնական չեղան։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին մի փաստաթուղթ, որով ավարտվեց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը. այն կոչվեց «Եռակողմ հայտարարություն», որն ընդգրկում էր 9 կետեր: Դրանք են.
«1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ՝ 1960 զինվորներով` հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայով:
4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5 տարվա ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
5. Հակամարտության կողմերի համաձայնեցրած պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
6. Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
7. Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
8. Կատարվում է ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:
Եռակողմ հայտարարության 1-ին կետը խախտվել է՝ համաձայն ՊՆ-ի կողմից արձանագրված փաստերի։ Ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել էր գրավել Հադրութի շրջանի բոլոր բնակավայրերը բացառությամբ Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղերի: Ըստ համաձայնագրի՝ դրանք պետք է մնային հայկական ուժերի վերահսկողության ներքո. սակայն դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում իրականացրին երկու գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում դրանք նույնպես անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Նույն գործողության ընթացքում գերեվարվեց 62 զինծառայող։
3-րդ կետի վերաբերյալ սկանդալը հասունացավ ստորագրումից 4 տարի անց։ Հայաստանի լարված հարաբերություններն այնքան լարվեցին Ռուսաստանի Դաշնության հետ, որ ՌԴ իշխանությունները որոշեցին ռուս խաղաղապահներին հետ կանչել Մոսկվա, եւ Լաչինի միջանցքում արդեն տեւական ժամանակ է խաղաղապահներ չկան։ Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն՝ խաղաղապահները պետք է Լաչինի միջանցքում մնային 5 տարի, այնինչ նրանք, անգամ 4 տարին չլրացած, հեռացան Հայաստանից։
Հարկ է նշել, որ 5-րդ կետի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Թուրքիան եւ Ռուսաստանը ստորագրեցին Ղարաբաղում հրադադարի վերահսկման եւ մոնիթորինգի՝ ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը։ 2021-ի սկզբին Աղդամում տեղակայվեց ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը, որ հետագայում՝ 2024 թվականի ապրիլի 26-ին, փակվեց։ Այսինքն՝ սա եւս մեկ ձախողում է եռակողմ պայմանագրի չկատարման հարցում։
Համաձայնագրի 6-րդ կետը ոչ մի կերպ իրականացված չէ, քանի որ ստորագրումից 3 տարի անց Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողությունները 2023 թվականի սեպտեմբերին ամբողջությամբ շրջեցին Արցախի պատմության էջը։ Ադրբեջանը չկատարեց իր պարտավորությունները, իսկ Հայաստանի իշխանությունները լուռ ու համր համակերպվեցին Արցախի Հանրապետությունից հայ բնակիչների բռնի տեղահանմանը։
7-րդ կետով սահմանված եւ հաստատված՝ տեղահանվածների վերադարձը պատերազմից հետո մասամբ կատարվեց, սակայն Արցախ վերադարձած քաղաքացիներին Ադրբեջանի իշխանությունները դատապարտեցին սովի՝ գրեթե մեկ տարի նրանց պահելով բլոկադայի մեջ։
8-րդ կետը մնացել է մասամբ իրականացված, քանի որ պատերազմից հետո վերադարձած գերիներից զատ՝ հաստատված 80 գերիներ դեռ Հայաստան չեն վերադարձել։ Տարբեր նկարների եւ տեսանյութերի միջոցով նույնականացված զինծառայողների Բաքվում գտնվելը թշնամիները հերքում են, անգամ դիակներ դեռ չեն վերադարձվել։ Այս իրավիճակից հետո, 80 հաստատված գերիներից բացի, Ադրբեջանը 2023 թվականի ռազմական գործողություններից հետո առեւանգեց նաեւ Արցախի բարձրաստիճան 8 պաշտոնյայի։
Համաձայնագրի 9-րդ կետի վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը մինչեւ այսօր համաձայնության չեն եկել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ադրբեջանը համաձայն չէ, որ հայկական կողմը չպետք է ապահովի ենթակառուցվածքների անվտանգությունը։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կռվախնձորը եռակողմ համաձայնագրի վերաբերյալ դեռեւս չի հանդարտվել։ Իսկ ՀՀ իշխանությունները դադարել են եռակողմ համաձայնագրի լուծման մասին հայտարարություններ անել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: