Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին բազմիցս խոսվել է: Ցավոք սրտի, ՀՖՖ ներկա ղեկավարության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով հայկական ֆուտբոլը թերեւս գտնվում է պատմական ամենացածր նիշի վրա. գրեթե անդադար պարտություններ են կրում բոլոր տարիքային խմբերի հավաքականները, իսկ ազգային թիմը հազիվ է կարողանում ոչ ոքի կորզել նույնիսկ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում:
Մելիքբեկյանի եւ նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանի կողմից իրականացրած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ֆեդերացիայի նախագահի հրաժարականն են պահանջում ոլորտի կարեւոր խաղացողները՝ «Փյունիկ», «Ուրարտու», «Շիրակ» ակումբները, հավաքականի «ՖԱՖ» եւ «Կարմիր արծիվներ», «Արարատ Արմենիա», «Շիրակ», «Ուրարտու» ակումբների երկրպագուները եւ բազմաթիվ անհատներ:
Ֆեդերացիայում տիրող իրական վիճակի մասին կարելի է դատել թեկուզ միայն այն փաստով, որ ուրբաթ օրը որոշ փոքր ակումբներ տեղադրեցին տեքստ, իբրեւ թե սատարում են Մելիքբեկյանին, իսկ տեքստը մի քանի անգամ փոխվեց, քանզի այնտեղ կային, օրինակ, «ՆՈԱ» եւ «Արարատ Արմենիա» ակումբների անունները, որոնք հետո հանվեցին: Ստացվում է՝ ծանրակշիռ ակումբներից ոչ մեկը չի ուզում պաշտպանել այս մարդկանց:
Մեզ փոխանցում են, որ իշխանական վերնախավում եւս, կարծես թե, հակված են հեռացնելու անդադար խնդիրներ ստեղծող ու դրա դիմաց որեւէ արդյունք չտվող Մելիքբեկյանին, ով, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի անգամ դիմում է գրել, որը կանխել է ֆեդերացիայի իրական ղեկավար ընկալվող Արմեն Նիկողոսյանը: Ի դեպ, կիրակի օրը պետք է սպորտային ալիքներից մեկով եթեր հեռարձակվեր Արմեն Նիկողոսյանի հարցազրույցը. դրա մասին նախապես հայտարարվել էր, սակայն ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց եւ փոխարենը եթեր հեռարձակվեց երկուշաբթի երեկոյան:
Մենք բազմաթիվ անգամներ գրել ենք ՀՖՖ-ում տեղ գտած արատավոր ու արտաքնապես հանցակազմ պարունակող երեւույթների մասին, բարձրաձայնել ենք ծնողների կողմից արված բողոքները, սակայն ՀՖՖ ներկա ղեկավարը, ով նախկին լրագրող է, կառույցը դարձրել է շատ փակ, ու հնարավոր չէ որեւէ տեղեկություն ճշտել:
Հ.գ. Հանուն հայկական ֆուտբոլի առողջացման մեկնարկած բողոքի ակցիաները գնալով ծավալվում են, դրան ներգրավվում են նորանոր մարդիկ. մեզ փոխանցում են, որ պետական կառույցներում եւս առկա է անհանգստություն, ու սա այն դեպքում, երբ հասարակությունն ընդամենը արդյունք է պահանջում, եւ չկա քաղաքական հարց: Տարիներն անցնում են, ու արդյունք այդպես էլ չկա, ավելին՝ խայտառակ վիճակ է 14-ից 21 տարեկանների հավաքականներում, որոնց պարտությունների եւ խայտառակ հաշիվների մասին խոսել ենք: Մեր աղբյուրները պնդում են, որ ֆանատական շարժումներն ու ակումբները տրամադրված են խիստ վճռական ու գնալու են մինչեւ վերջ՝ ընդհուպ մինչեւ ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանի մոտ ակցիայի իրականացում ու եվրոպական լրատվամիջոցների ուշադրության հրավիրում՝ Հայաստանում ստեղծված «հակաֆուտբոլային» վիճակին. սա իրականում ազգային իմիջի հարց է, ու բոլորը պետք է պայքարեն հանուն ազգի, ոչ թե անձնական շահի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին նվիրատուների շարքը պակաս կասկածելի եւ խնդրահարույց չէ, որքան ՔՊ կուսակցության դրամահավաքը։ Եթե ՔՊ կուսակցության դրամահավաքի նվիրատուները նվիրատվություն էին արել 1 մլն դրամ եւ ավելի, սակայն դրա մասին տեղյակ չէին եղել, ապա «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը ակնհայտորեն արտոնությունների ակնկալիք կամ ներողամտության ակնկալիք էր:
Հիմնավորենք պնդումը փաստերով. հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել էր 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ։ Հարկ է նշել նաեւ, որ երեկույթից առաջ շրջանառվող տեղեկության համաձայն՝ մասնակիցների նախնական թիվը 52-ն էր, իսկ մուտքավճարը՝ 1 մլն դրամ։ Արդյունքում, «Իմ քայլը» հիմնադրամը «շահեց» 10 մլն դրամ ավելի։ Այս մասին հայտնել են «Իմ քայլը» հիմնադրամից: Ուսումնասիրելով, թե ովքեր են «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուները, հետաքրքիր փաստեր ենք արձանագրում. Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցել է Վարդան Ալեքսանյանը՝ Dignisi անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի՝ նա խոշոր չափի վնաս է հասցրել երկու տասնյակից ավելի անձանց։ Բանն այն է, որ Վարդան Ալեքսանյանը «Հավերժ Մուսալեռ» ՍՊԸ-ի տնօրենն էր, որը ղեկավարում էր նաեւ «Ալեքսանյան ընդ փարթներս» եւ «ՌՎ» ՍՊ ընկերությունների գործունեությունը։ Նրա նկատմամբ 2010-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում խարդախության փաստով քրեական գործ էր հարուցվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել էր հետախուզում։
Հայտնի է դարձել նաեւ, որ նրան մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի «Մուսալեռ» հուշահամալիրի հարեւանությամբ գտնվող հողատարածքները, առանց համատեղ սեփականատերերի իմացության, ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին վաճառելու համար։ Ըստ ոստիկանության 2010 թ. հաղորդագրության՝ նա այդկերպ, 26 անձի վնաս պատճառելով, հափշտակել է 309 միլիոն 657 հազար դրամ:
Ընթրիքին մասնակցում էր նաեւ DIGNISI անշարժ գույքի գործակալության համահիմնադիր Կարեն Անախասյանը։
Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաեւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտին ձերբակալվել էին «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա.Ա.-ն, տնօրեն Ռ.Ա.-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս.-ն, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ սեփականատեր Վ.Ս.-ն՝ «Նոր Զովքում» առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու համար։
Աննա Հակոբյանի հիմնադրամին գումար նվիրաբերելուց հետո՝ ՀՀ ՊԵԿ նախագահն արեց սպասված եւ ակնկալելի հայտարարություն. «Մոտավորապես 4.2 մլրդ գումար վերականգնվել է, եւ մեր օրենսդրությամբ նախատեսվում է, որ եթե հարկերն ու տույժերը վերականգնվում են պետական բյուջե, պետությանը պատճառման վնասը հատուցվում է, քրեական վարույթը ենթակա է կարճման»:
Ռուստամ Բադասյանն անդրադարձել էր նաեւ այն հանգամանքին, որ «Նոր Զովքի» սեփականատերերը մասնակցել են նաեւ ընթրիքին, սակայն Բադասյանը գործի կարճման պատճառը չհամարեց ընթրիքին մասնակցելը։
Այնինչ, գրեթե բոլոր մասնակիցներն ունեցել են առերեւույթ կապ քրեական գործերի, կալանքների, անգամ՝ հետախուզումների հետ։
Իշխանությունն էլ գտել է բիզնեսմենների աքիլլեսյան գարշապարը եւ պարբերաբար վախեցնում է, որ իրենց սրտի ուզածը չանելու դեպքում՝ նիզակը կհասնի գարշապարին։
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում հանցավոր սխեմայի թերեւս ամենաառանցքային դրվագը հետեւյալն է, որը փոխում է հարցի ողջ արժեքը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վահե Հովիկի Աղազարյանը իր «գործունեության» ընթացքում եղել է նաեւ պաշտոնատար անձ, այն էլ՝ ՊԵԿ մաքսային հատվածի։ Եվ այդ գործը թերեւս պետք է քննվի հակակոռուպցիոն կոմիտեում: Գուցե նրան հետին թվով ազատել են աշխատանքից, գուցե՝ ոչ. ճշտել չհաջողվեց: Սակայն Վահե Աղազարյանի արդեն հայտնի քրեական հոդվածին եթե գումարվի պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահումը, ուրեմն արդար քննության դեպքում նրա հայրը, օգտվելով պատգամավորական մանդատի դեռեւս առկա հնարավորություններից, պետք է կալանավայր գնա՝ որդուն այցելության: Մենք կհետեւենք զարգացումներին: Հիշեցնենք, որ պատգամավոր Աղազարյանը հայտարարել էր, որ տեղեկանալով օրենքի բացի մասին՝ իր որդուն խորհուրդ է տվել մեքենաներ ներկրել Հայաստան եւ ստանալ ԱԱՀ-ն պետությունից, եւ դրա համար հիմա քրեական գործով է անցնում՝ պետությանը վնաս տալու հատկանիշով: Իսկ Աղազարյանը, իմանալով օրենքի բացի մասին, ոչ թե ձգտել է շտկել սխալը իր լիազորությունների շրջանակում, այլ ձգտել է օգուտ քաղել՝ ընտանեկան բիզնես կազմակերպելով: Սա եւս ենթադրյալ ապօրինության մի ձեւ է, որը պետք է քննության առարկա դառնա:
Այստեղ ներկայացվող փաստերը իրավապահների եւ նրանց քաղաքական ղեկավարի, այսօր արդեն հատուկենտ ազնիվների մոտ կառաջացնեն հարցեր, որոնք ունեն ընդամենը մեկ պատասխան։ Փաստաթուղթ առաջինի համաձայն (Տե՛ս ArmLur.am կայքում)՝ ՊՆ-ն «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ կնքել է 7 միլիոն դրամի պայմանագիր, որը ոչ թե «ելակ է զինվորների համար», այլ «Երեմյան» ցանցի՝ երեւանյան ռեստորաններից որեւէ մեկում պարբերաբար կազմակերպվող ընթրիք՝ մինչեւ տարվա վերջ։ 2-րդ փաստաթուղթը (Տե՛ս ArmLur.am կայքում) վկայում է, որ «ախորժակը ուտելիս է բացվում»-ը ոչ թե սոսկ դարձվածք է, այլ հեղափոխական իրականություն: Այն է՝ ՊՆ փոխնախարար Բրուտյանը եւ Դավիթ Երեմյանը 12.08.2024թ. կնքում են նոր պայմանագիր՝ «Համաձայնագիր թիվ 1», ըստ որի՝ 7 միլիոնը դառնում է 10 միլիոն դրամ, այնուհետեւ, մեկ ամիս անց՝ 09.09.2024թ., կնքվում է «Համաձայնագիր թիվ 2»-ը, եւ բյուջեից՝ անհայտ անձանց սնվելու գումարը արդեն դառնում է 13 միլիոն դրամ։ Կարծում ենք, որ օպերատիվ աշխատանքին տիրապետող կառույցները եւ կոռուպցիայի «մասնագետ» Նիկոլ Փաշինյանը, կարդալով հոդվածը, կհասկանան, որ «ատկատը» թերեւս արվում է հենց այս սխեմայով, եւ պետք է քննություն սկսել. ԶԼՄ-ն ի զորու չէ դա անելու …. Շարունակելի: