ՔՊ ԹԵԺ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ. ԷԴԳԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած ՔՊ ընդլայնված նիստը խայտառակություն էր հեղափոխական թիմի համար. միմյանց մեղադրել են կոռուպցիայի, հովանավորչության, անձնական շահերը սպասարկելու, թիմը ներսից խոցելու, խարդավանքների մեջ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով` վերջին ակտիվի նիստը տեւել է 3 ժամից ավելի, որի ընթացքում ՔՊ-ականները միմյանց ոչնչացրել են:

4 տասնյակից ավելի ներկաներ խայտառակել են Անդրանիկ Քոչարյանին՝ իրենց ելույթներում նրան մեղադրելով խարդավանքների, թիմի ներսում յուրայիններին կոռուպցիոն մեղադրանքներ ներկայացնելու, գործընկերներին բարոյական սահմաններից դուրս որակումներ տալու համար եւ, վերջապես, պառակտիչ գործունեություն ծավալելու համար:

Թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ։

-Պարո՛ն Հակոբյան, մամուլը գրեց, որ նախաձեռնող խմբի նիստը բավականին թեժ է անցել: Քննարկվել է Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, Հովիկ Աղազարյանի պահվածքը, անգամ Նիկոլ Փաշինյանն է շատ բարկացած եղել, որ թիմում նման խարդավանքներ են տեղի ունենում, իսկ ինքը տեղյակ չէ: Տեղեկություններ ունենք, որ թիմակիցները բողոքել են հատկապես Անդրանիկ Քաչարյանից: Ասում են՝ այդ օրվա նիստը շատ թեժ է անցել:

-Նիստը թեժ չի եղել: Սովորական քննարկում է տեղի ունեցել, ինչպես որ բոլոր նիստերին է լինում:

Քննարկվել են սակայն նաեւ Անդրանիկ Քոչարյանի եւ Հովիկ Աղազարյանի պահվածքի դրսեւորումները, եւ թիմակիցները բողոքել են, որ Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար իրենց հասցեին ոչ ճիշտ արտահայտություններ է հնչեցնում:

Նման հրապարակումները շատ անգամ անհիմն են լինում: Նիստ է եղել, որի ընթացքում տարբեր հարցեր են քննարկվել, սակայն Ձեր նշած հարցերը չեն քննարկվել:

-Փաստորեն պաշտոնանկության վերաբերյալ հարց չի՞ հնչել:

-Ո՛չ:

-Իսկ նման հարցի քննարկման դեպքում Դուք կողմ կլինե՞ք հիշյալ գործընթացին:

-Ես չեմ ուզում գնահատական տալ Ձեր հնչեցրած հարցին՝ ամենայն հարգանքով իմ բոլոր թիմակիցների նկատմամբ:

Աշխատանքային քննարկում է եղել, որի ընթացքում շատ տարբեր հարցեր են քննարկվել. նիստը նորմալ է անցել, թեծ չի եղել: Ամեն բան նորմալ է:

-Մեզ հետ առանձնազրույցներում հաճախ մի շարք պատգամավորներ նշում են, որ իրենց հասցեին ռեպլիկներ է բաց թողնում Անդրանիկ Քոչարյանը, Դուք նման միջադեպի ականատես եղե՞լ եք, կամ Ձեզ հետ պատահե՞լ է:

-Նման բան ո՛չ լսել եմ, ո՛չ էլ տեղյակ եմ նման խոսակցություններից՝ ո՛չ ռեպլիկներից, այլ հարցերից: Մնացածը պարզապես խոսակցություններ են:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 




Լրահոս