«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ մեկուսարանից քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանին՝ «Չաղ Ռուստամին» կրկին տարել են «Էրեբունի» հիվանդանոց՝ ստուգումների, ինչի արդյունքում նրա մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել, սակայն կրկին հետ են տեղափոխել ԱԱԾ մեկուսարան։
Ստեփանյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը վստահեցնում է՝ նա առողջական խնդիրներ ունի ու Սերգեյ Գրիգորյանի մահվան հետ որեւէ կապ չունի:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024 թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երեւանի Շինարարների փողոցում տեղի ունեցած 43-ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության եւ 35-ամյա Բ. Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ու սպանության գործով կալանավորված են Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» եւ եւս մեկ անձ:
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռեւս 2020 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճի, այնուհետեւ 2021թ. հունվարի 13-ին Երեւան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի 109/10 հասցեում գտնվող «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում 36-ամյա անձի՝ Ռ. Ստեփանյանի եւ նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձեւավորվել մինչ այդ մտերիմ, «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եւ Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ, «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռ. Ստեփանյանի միջեւ։ Դրա հետեւանքով հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Ձեւավորված թշնամական հարաբերություններից ելնելով՝ Ռ. Ստեփանյանը, Սերգեյ Գրիգորյանին դիտավորությամբ սպանելու նպատակով, իրեն մտերիմ երեք անձանց՝ Ա. Կյուրեղյանի, Հ. Սահակյանի եւ Սու. Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել 7.62 մմ տրամաչափի «AK 103» մոդելի, հրազեն հանդիսացող ինքնաձիգ եւ համապատասխան փամփուշտներ։
2024թ. հունիսի 11-ին նրանք մի քանի անգամ հանդիպել են Կոտայքի մարզում գտնվող, Ռ. Ստեփանյանին պատկանող առանձնատանը։ Վերջինիս եւ Ա. Կյուրեղյանի հետ ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ խմբի մյուս երկու անդամները՝ Հ. Սահակյանը եւ Սու. Գրիգորյանը, իրենց հետ վերցնելով հանցակիցների հետ ապօրինի կերպով ձեռք բերված, լիցքավորված ինքնաձիգը, հեռադիտակը, երկու զույգ ձեռնոց, երկու դիմակ, ոստիկանության երկու համազգեստ, ռադիոկապի երկու սարք, լապտեր, կեղծված հաշվառման համարանիշներով Opel Astra մակնիշի ավտոմեքենայով ժամը 21:00-ի սահմաններում, Ռ. Ստեփանյանի տնից ուղեւորվել են Երեւան քաղաք։
Սերգեյ Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ եւ նպաստավոր տեղ գտնելու նպատակով՝ Հ. Սահակյանը եւ Սու. Գրիգորյանը հետապնդել են նրան: Ժամը 23:15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երեւան քաղաքի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել մայթեզրին կայանված իրեն պատկանող Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին ու պատրաստվել է հեռանալ այդտեղից:
Նկատելով, որ Սերգեյ Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ տվյալ վայրից, բազմաթիվ կրակոցներ են արձակել Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս գլխի եւ մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վնասվածքներ։
Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետեւ երկուսն էլ միմյանցից առանձին, գնացել են 36-ամյա անձին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա. Կյուրեղյանը, իսկ քիչ անց միացել է նաեւ Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:
Պարզվել է, որ Ա. Կյուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու. Գրիգորյանի եւ Հ. Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ