Դեռ վաղ տարիքից հանրային խոսքարվեստով հետաքրքրվող Դեյլ Քարնեգին անձնական զարգացման բնագավառի հիմնադիրներից մեկն է, ում «Ինչպես ձեռք բերել ընկերներ եւ ազդել մարդկանց վրա» գիրքը իրական փոթորիկ էր առաջացրել ընթերցասերների շրջանում։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Քարնեգիի կյանքից հետաքրքիր դեպքեր եւ հայտնի, սիրված ու հետաքրքիր մտքեր։
Սկսենք այն դեպքից, երբ Քարնեգին երիտասարդ տարիքում աշխատում էր Նյու Յորքում, ցանկանում էր դառնալ դերասան: Այդ ոլորտում հաջողությունների չհասնելով՝ նա հրաժարվում է դերասան դառնալու իր երազանքից։
Պարտքերի եւ դժվարությունների մեջ լինելով՝ նա սկսեց տարբեր աշխատանքներ փնտրել հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ կյանքը շարունակել։
Մի օր, երբ նա դասավանդում էր YMCA (Երիտասարդ քրիստոնյաների միություն) կենտրոնում, նկատեց, որ ուսանողները մեծ դժվարությամբ էին շփվում մարդկանց հետ եւ հաճախ վախենում էին հանրային ելույթներից։ Որպես փորձարկում՝ նա առաջարկեց նրանց հանդես գալ հրապարակային ելույթներով, խոսել իրենց գաղափարների մասին եւ պատմել իրենց զգացմունքները։ Սկզբում ուսանողները ամաչում էին եւ կաշկանդված էին, բայց Քարնեգին խրախուսում էր նրանց։ Նրա մեթոդները մեծ արձագանք գտան, եւ նա նկատեց, որ դա օգնում է մարդկանց վստահություն ձեռք բերել։
Այդ փորձից հետո է նա որոշում, որ իր կյանքը նվիրելու է հանրային խոսքարվեստի եւ շփման հմտությունների ուսուցմանը։ Իրականում այս պատահական նախաձեռնությունը նրան տարավ դեպի այն ուղին, որի շնորհիվ էլ այսօր մենք ճանաչում ենք Դեյլ Քարնեգիին՝ որպես շփման հմտությունների առաջատար մասնագետներից մեկին։
Քարնեգիի կյանքում կա մեկ այլ հետաքրքիր դեպք, որը տեղի ունեցավ, երբ նա սկսեց հանրային խոսքի դասեր տալ, բայց հենց առաջին փորձից հանդիպեց անսպասելի խնդրի:
Նրա դասերին մասնակցում էին տարբեր բնագավառների մարդիկ, բայց առաջին դասին ուսանողներից շատերը չափազանց ամաչում էին խոսելուց եւ խուսափում էին հրապարակային ելույթ ունենալուց։ Քարնեգին որոշեց խնդիրը լուծել մի շատ անսովոր ձեւով. նա առաջարկեց, որ ուսանողները սկսեն իրենց անհաջողությունների մասին պատմել։ Փոխանակ խոսելու ինչ-որ բարդ թեմաների մասին, որոնց մասին նրանք վստահ չէին ներկայացնում, Քարնեգին առաջարկեց պատմել այն սխալների մասին, որոնք նրանք կատարել էին։ Այս մարտավարությունը գործեց հրաշալի։ Ուսանողները սկսեցին մեկը մյուսի հետեւից պատմել իրենց անհաջողությունների, վախերի, եւ դժվարությունների մասին, ինչը կոտրեց լարվածությունն ու ամաչկոտությունը։ Նրանք հասկացան, որ հաջողության հասնելու համար պարտադիր չէ լինել անթերի. փոխարենը՝ հաճախ անհրաժեշտ է լինել անկեղծ եւ պատրաստ ընդունելու սեփական սխալները։
Այս դեպքը Քարնեգիի համար դարձավ կարեւոր դաս. այն ցույց տվեց, թե որքան կարեւոր է մարդկանց հետ կառուցել վստահության վրա հիմնված կապ եւ տալ նրանց ազատություն՝ արտահայտելու իրենց իրական ապրումները։ Այս մոտեցումը հետագայում դարձավ նրա ուսուցողական մեթոդների հիմնաքարերից մեկը՝ փոխելով այն կերպը, թե ինչպես են մարդիկ մոտենում շփմանն ու հանրային խոսքին։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՔԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ՞ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂԸ
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի` 2024թ. սեպտեմբերի 23-ի թիվ 1018-Ա որոշմամբ 2024թ. հոկտեմբերի 24-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 54.4քմ հողամաս (Լոտ-86 (ՔՀ-24)) Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, թիվ 247/2 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 576 640 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 576 640 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 94 տան բնակիչ Ամալյա Հարությունյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 11 արձանագրությունը: Հոկտեմբերի 28-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 11 արձանագրությունը եւ նշված հողամասը հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով օտարել Ամալյա Հարությունյանին: Ինչպե՞ս է ստացվել, որ աճուրդի մեկնարկային ու առավելագույն գները նույնն են։ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում բնակավայրերի հողերից 54.4քմ հողամասի շուկայական գինը միլիոնավոր դրամներ է կազմում, ինչպե՞ս է այն օտարվել 576 հազար դրամով։ Դիլիջանի համայնքապետարանում կոռուպցիոն երեւույթների մասին հոկտեմբերի 6-ին տեղեկատվական հարցում ենք ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին. կոմիտեի հոկտեմբերի 10-ի պատասխանում նշված է. «Ձեր նշած հանգամանքները կենթարկվեն ստուգման եւ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի առկայության դեպքում կկայացվի համապատասխան որոշում»: Սասուն Խաչատրյա՛ն, հանգամանքները ստուգման ենթարկեցի՞ք, որոշում կայացրի՞ք, թե՞ Ձեզ խանգարում է այն, որ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը ՔՊ Դիլիջանի կազմակերպության ղեկավարն է։
ԹԱԼԱՆՎԵԼ ԷՐ ԳՆԴԱՊԵՏԻ ՏՈՒՆԸ
Իջեւան քաղաքի հարակից Գետահովիտ գյուղում թալանել էին ՀՀ ազգային հերոս, Իջեւանի գնդի հրամանատար, 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Թաթուլ Ղազարյանի նորակառույց, սակայն չբնակեցված առանձնատունը։ Գողությունը անցյալ տարվա աշնանն է կատարվել։ Գողացել են «Բաքսի» ջեռուցման համակարգ, հեռուստացույց եւ այլ իրեր, գողերի կողմից ջեռուցման համակարգը հանելու հետեւանքով` առանձնատան առաջին հարկը հեղեղվել է ջրով։ Տեղեկություններ կան, որ իրավապահները բացահայտել են գողությունը կատարողներին. այդ գործով նախաքննությունը շարունակվում է։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ