ՀՀ Ազգային ժողովի հյուրասիրությունները մեկ անձից են կազմակերպվում՝ առանց մրցույթի: Մի կարգ, որը օրերս խնդրահարույց համարեց նաեւ ՊՎԾ նախագահ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ 2024 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր ամիսը Ազգային ժողովի կարիքների համար պաշտոնական պատվիրակությունների ընդունելության, հյուրասիրության ծառայությունների ձեռքբերման համար կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 9 մլն դրամ։
Պայմանագրերը կնքվել են Ազգային ժողովի եւ «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ», «Դը Փաբլիք», «Բլիզարդ»,«Պաուլաներ», եւ «ՍԻՄՓԼ ԴԻԼ» ՍՊԸ-ների միջեւ։
Պայմանագրում առկա են ուշագրավ գնումներ. օրինակ՝ 20 գրամ սեւ ձկնկիթը՝ վերնագրված «պետության կարիքների համար»:
Թե երբ եւ ինչպես է «օգտագործվել» «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի արդյունքում մատակարարված սնունդը, մասնավորապես 20 գրամ ձկնկիթը, ԱԺ-ից հրաժարվել են պարզաբանելուց:
«ՀՀ Ազգային ժողովի 2024 թվականի կարիքների՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունման, հյուրասիրությունների կազմակերպման նպատակով ԱԺ-ի եւ «Բլիզարդ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը հասանելի է գնումների կայքում»։
«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցմանը, թե որ պատվիրակության համար է կազմակերպվել գնումը, ԱԺ-ից եւս փաստացի հրաժարվել են պատասխանելուց՝ ուղղորդելով պաշտոնական կայք:
Գուցե ԱԺ աշխատակազմից տեղյակ չեն, որ բաց աղբյուրում դրված տեղեկությունը տեսնելով էինք հենց մանրամասներն իմանալու համար հարցում արել:
Դավիթ Երեմյանն այս կադրից հետո թիրախում է հայտնվել. հորդորում են բոյկոտել նրա բիզնեսները:
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի 141-րդ տողում տեղ գտած «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերության դեմ արշավ է սկսվել։ Համացանցում օգտատերերը հորդորում են «սեւ ցուցակ» գցել «Երեմյաններ» ընկերությանը եւ նրանց պատկանող ռեստորանները:
Իսկ ի՞նչն է նման աղմուկի պատճառը։ Բանն այն է, որ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Երեմյանն օրերս դարձյալ հանդիպում էր ունեցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, խոնարհվելով բարեւել էր նրան, ինչը ֆիքսել են կադրերում: Հենց դրանից հետո սկսեցին հորդել բացասական մեկնաբանությունները եւ հրապարակումները։ Օգտատերերից շատերը հրապարակումներ արեցին, որ չպետք է այլեւս այցելել Երեմյաններին պատկանող «Լավաշ», «Շերեփ», «Պանդոկ Երեւան», «Սիզնս» ռեստորաններ, եւ ընկերների ցանկից պետք է հեռացնեն Դավիթ Երեմյանին:
Այս ամենի պատճառը իշխանությունների հետ մերձեցումն է, քանի որ Դավիթ Երեմյանը, կարծես, դարձել է իշխանության «կից գործարարը»: Նա գրեթե բաց չի թողնում ոչ մի իշխանական միջոցառում կամ դրամահավաք։ Նա եզակիներից է, որ պետական եւ միջազգային ֆինանսավորմամբ ստեղծել է խելացի անասնագոմ։
Դավիթ Երեմյանը միակն է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից՝ ԱՆԻՖ-ից, ստացավ գյուղատնտեսությունը զարգացնելու համար ներդրում։ Նա նաեւ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ, որպես պատվիրակության անդամ, 2023 թվականին մեկնել էր Լոնդոն։ Ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության «կցորդ օլիգարխի» վարքագիծ։
Ի դեպ, հոկտեմբերի 31-ին կայացած «հաջողակ տղամարդկանց» թանկարժեք ընթրիքն էլ հենց Երեմյանների բարձրաճաշակ «Լիվինգսթոնում» էր կազմակերպվել:
ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը եւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստվում են մեկնել Լոնդոն՝ ներկա լինելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուր «Չելսի»-«Նոա» հանդիպմանը, որը նախատեսված է նոյեմբերի 7-ին՝ հինգշաբթի՝ Երեւանի ժամանակով 00։00-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանցից հետաքրքրվել՝ արդյոք սեփակա՞ն միջոցներով են մեկնելու Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու, թե՞ պետբյուջեի հաշվին: ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի խոսնակը, մեր հարցին ի պատասխան, հաստատեց, որ նախարարը ներկա է լինելու խաղին, սակայն ամեն բան կազմակերպում է սեփական միջոցներով: ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանն ու Սիսակ Գաբրիելյանը երեկ մեր զանգերին եւ նամակներին չպատասխանեցին: Նշենք, որ հատկապես Սիսակ Գաբրիելյանը, կարծես թե, ֆուտբոլի մեծ սիրահար է, նա հաճախ է գործուղվում այս կամ այն երկիր, երբ կարեւոր ֆուտբոլային հանդիպում է այդ երկրում կայանալու: Օրինակ այս ամռանը՝ հունիս ամսին, նա պատվիրակության կազմով գործուղվել էր Գերմանիա հենց այն ժամանակահատվածում, երբ այդ երկրում Եվրոպայի աշխարհի ֆուտբոլի առաջնությունն էր ընթանում: Աշխատանքային այցով Գերմանիա մեկնած Սիսակ Գաբրիելյանը նաեւ իր ժամանցն էր անցկացրել այնտեղ: Նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի մարզադաշտում Եվրո-2024-ի խմբային մրցաշարի՝ Ֆրանսիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային հանդիպմանն էր նաեւ ներկա եղել:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին կկանչեն դատարան։
Դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված ու գործը դատարանում է։ ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։
Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ. Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:
Վերջիններս այս գործով տուժող են ու պետք է գնան դատարան՝ ցուցմունք տալու։