ԵՐԳԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՔԱՇՔՇՈՒԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իջել են իրենց «բարձունքից» եւ գնացել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տուն ու օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպի գործով պարզաբանումներ պահանջել:

 

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին shamshyan.com-ը գրել էր, որ Hayat Project-ի համերգի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ներկա էր եղել նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյան վիճաբանության մեջ էր մտել այն բանի համար, որ պատվիրել են երգ՝ Вот такая доля воровская-ն, ու մարզպետը ընդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ` դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։

Եվ ահա, իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել:

Մենք տեղեկացանք նաեւ, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են այս օրերին տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:

ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ԱԺ-ում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվել է «օրենքով գող»-ի որդու հետ կատարված միջադեպի մասին։

-Անդրադառնալով ամիսներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց մի միջադեպին՝ ցանկանում եմ ճշտել՝ այդ ի՞նչ տեղի ունեցավ: Արագածոտնի մարզպետը «գողականներ»-ի հետ ի՞նչ խնդիր ունի: Ռեստորանում «Вот такая доля воровская-» երգը Ձեզ այդքան հունից հանե՞լ էր: Եղել եք այնտեղ եւ հայտնի «օրենքով գողի» տղայի հետ հարցուպատասխան եք ունեցել երաժշտության վերաբերյալ: Ցանկանում եմ Դուք պատմեք, թե ինչ էր տեղի ունեցել:

-Մեծ հաշվով այդքան էլ ասելիք չունեմ, քանի որ, որպես այդպիսին, այդքան մեծ դեպք չէր, որքան աղմուկը: Ավելի շատ աղմուկն է եղել, քանի որ որոշ լրատվամիջոցներ, իրական տեղեկություններ չունենալով, թե ինչ է եղել, տարածել էին նորություններ, որը չէր համապատասխանում իրականությանը:

-Դուք կպատմե՞ք, թե ինչ է տեղի ունեցել:

Առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել: Խնջույքի ժամանակ, որին բազմաթիվ մարդիկ են ներկա եղել, եղել է երաժշտություն, որը, իմ կարծիքով, այդ պահին հարմար չի եղել: Երաժշտությունը նույն վարկյանին փոխվել է եւ չի առաջացել որեւէ խնդիր:

-Вот такая доля воровская-ն վա՞տ երգ է:

-Չեմ կարող մեկնաբանել մի բանը, որը որ չի եղել: Ամեն բան սահմանափակվել է այդքանով, իսկ մնացածը որոշ մարդկանց վառ երեւակայության արդյունքն է:

-Իսկ Ձեզ քննչական կոմիտե հրավիրե՞լ են այդ հարցով:

Ո՛չ, ինչո՞ւ պիտի հրավիրեին: Առօրյա կյանքում այնքան այդպիսի դեպքեր են լինում: Եթե քննչական կոմիտեն զբաղվի նման հարցերով, ապա լուրջ հարցերով չի հասցնի զբաղվել: Իմ շուրջ նման շահարկումները ծիծաղելի են, քանի որ ամբողջ կյանքում կա՛մ պետական համակարգում ենք եղել՝ ե՛ւ  ես, ե՛ւ ընտանիքիս անդամները, կա՛մ ձեռնարկատիրությամբ եմ զբաղվել:

-Իսկ միջադեպից հետո «գողականներ»-ը եկա՞ն քննարկելու: Ի վերջո ճաշակին ընկեր չկա, եւ յուրաքանչյուրը հանրային վայրում կարող է իր ճաշակով երաժշտություն պատվիրել եւ լսել:

-Ո՛չ մի հարց ու պատասխան չի եղել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս