ԲՆԱԿՉԻ ՄԵՔԵՆԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 3,5 ԿԳ ԹՄՐԱՄԻՋՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր շղթայում ներգրավված անձանցից երկուսի ինքնությունը:

 

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի 62-ամյա բնակիչը 2024 թվականի հոկտեմբերի 29-ին՝ժամը 06։30-ի սահմաններում, իր կողմից վարվող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայով հայ-իրանական սահմանի մոտից վերցրել է ԻԻՀ կողմից փշալարային ցանցի վրայով ՀՀ տարածք նետված 4 փաթեթ «Մարիխուանա» եւ 10.55 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայի բեռնախցիկում եւ ապօրինի իրացնելու նպատակով տեղափոխել:

Կատարված բազմաթիվ քննչական գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 13:30-ին, Վայոց ձորի մարզի նշված բնակիչը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել է, իսկ առանձնապես խոշոր չափերով վերը նշված թմրամիջոցներով փաթեթները տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել եւ վերցվել են:

Պարզվել է, որ տղամարդը հիշյալ թմրամիջոցները պետք է տեղադրեր դրանք փշալարի վրայով ՀՀ տարածք նետած, քննությամբ դեռեւս չպարզված անձի՝ ԻԻՀ քաղաքացու կողմից նախընտրած թաքստոցում՝ այլ անձի կողմից այն ձեռքբերելու եւ գնորդին փոխանցելու նպատակով:

62-ամյա տղամարդուն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է 4 փաթեթ՝ 1,130 կգ, 1,120 կգ, 1,065 կգ եւ 0,505 կգ ընդհանուր քաշերով: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որոնք իրեն է փոխանցել ԻԻՀ մի քաղաքացի, եւ նշված փաթեթներն ինքը պետք է տեղափոխեր նրա նախընտրած վայր։

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության եւ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված եւս մեկ անձի ինքնությունը, ով ԻԻՀ 23-ամյա քաղաքացի է:

Վերջինս, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նախապես փոխարինված հիշյալ փաթեթները ձեռք բերելու պահին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել է, ինչի հետեւանքով, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:

Նախաքննության ընթացքում նշանակվել է դատանյութագիտական եւ դատաքիմիական փորձաքննություն՝ փաթեթներում առկա զանգվածների բնույթը, հստակ քաշը պարզելու նպատակով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23-ամյա երիտասարդի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, իսկ Վայոց ձորի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել՝ հիշյալ երկու անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք դատարանի կողմից բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների շղթայում այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտե

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց պատժի կրումից հետո։

Տեղեկությունը երեկ հաստատել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

 

 

ՔՊ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ

Դեռեւս փետրվարի 20-ից ՔՊ գրասենյակին, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված ու գործը դատարանում է։

ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ. Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Եվ ահա, այս գործի շրջանակում հարցաքննվել է Արաբկիրի՝ ՔՊ գրասենյակի քարտուղար Հասմիկ Փեթակչյանը ու մանրամասն պատմել, թե ինչ է կատարվել:

Մանրամասնրեը՝ ArmLur.am կայքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԵՔԵՆԱ Է ՎԱՐԵԼ ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ

Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 1-ին Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Ֆորդի» վարորդը մեքենան վարում է անվտանգության ամրագոտին չամրակապած: Մեքենան կանգնեցնելուց հետո պարեկները կասկածել ենլ, որ վարորդը ոչ սթափ վիճակում է: Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա վարորդը անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են նռնակի նմանվող առարկա, 16 հաբ եւ ծալովի դանակ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:




Լրահոս