ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՍՈՂՈՒՆՆԵՐ ՈՒ ՄԻՋԱՏՆԵՐ ԵՆ ՄՏՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը տեւական ժամանակ է ինչ ահազանգեր է ստանում այն մասին, որ բազմաբնակարան շենքերի բնակարաններում միջատներ են լցվում պատուհաններից, իսկ ավելի կոնկրետ՝ մորեխներ, զատիկներ եւ խավարասերներ։

 

Բանն այն է, որ մորեխները լցվում են ոչ միայն առաջին կամ երկրորդ հարկեր, այլեւ հինգերորդ, վեցերորդ եւ այլ բարձր հարկեր, չնայած նրան, որ արդեն եղանակը ցրտել է։

«Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիների խոսքով՝ խնդիրը առկա է գրեթե մեկ ամիս։

Նշենք, որ միջատների առկայությունը բազմաբնակարան շենքերի բնակարններում հիմնականում նկատվում է Կենտրոն վարչական շրջանում, եւ, հատկապես, Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում, Աջափնյակում։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցի վերաբերյալ փորձեց կապ հաստատել «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ՝ պարզելու՝ ինչի՞ հետեւանքով են շատացել միջատները եւ ի՞նչ է արվում խնդրին լուծում տալու համար։

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ վնասատու միջատները հիմնականում այն ծառերի վրա են լինում, որոնք նորերով չեն փոխարինվել։ Խոսքը թեղիների մասին է, որոնք, ըստ Բեգոյանի, կենսունակությանը մոտ են, քանի որ սովորաբար թեղիների երկարակեցությունը 40-45 տարի է, իսկ Երեւանում առկա թեղիները 70 տարվա պատմություն ունեն։

«Հիմնականում ծառերը, որոնց վրա վնասատուները շատ են եւ ձմեռում, բարգավաճում են. դրանք հիմնականում Երեւան քաղաքում թեղի ծառատեսակներն են: Մենք փորձում ենք կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել։ Ծառերը, որ փոխարինվել են փողոցներում, այն ծառերն են եղել, որոնք կենսունակության ավարտին մոտ են եղել կամ ավարտել են կենսունակությունը, հետեւաբար, ինչքան ուզում է՝ սրսկենք, կենսունակությունը կորցրած ծառը չի «պայքարի»։ Եթե մարդը 100 տարուց ավելի է կենդանի է, ինչքան ուզում է դեղ տանք, պետք է մի փոքր էլ ինքը պայքարի, որ վատ իրավիճակից դուրս գա։ Նույնն էլ բնության մեջ է։ Ծառերը, իհարկե, սրսկվում են վնասատուների դեմ, բայց մնացած ծառերը սրսկելուց հետո իրենք էլ են պայքարում վնասատուների դեմ, իսկ կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերը չեն կարողանում պայքարել, եւ սրսկումից մոտավորապես 10-15 օր հետո նորից այդ կենդանական աշխարհը տարածվում է ծառի վրա», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ, մի կողմից, Երեւանի հնաբնակ ծառերը կտրելով՝ օգուտ է լինելու՝ վնասատուներին հնարավոր է վերացնել, իսկ մյուս կողմից վնաս՝ ամառվա տապին պաշտպանվելու միջոց չենք ունենա, կառաջանա թթվածնի պակաս:

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՔՆՆԻՉԸ՝ ՏՆԱԿԱՆ ՕՂՈՒ ՓՈՐՁԱԳԵ՞Տ

Իրավապահների կողմից բացահայտվել է բնակարանային գողություններ կատարած 8 հոգանոց խումբ, որի անդամները Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչներ են։ Խմբի գողություններից տուժածների թվում են Հաղարծինումապրող ամուսիններ Գեղամ Գուլինյանը եւ Լիանա Ղազինյանը։ 2023 թվականի նոյեմբերի 13-15-ը Հաղարծին գյուղի ծայրամասում գտնվող նրանց նորակառույց առանձնատնից գողացել են օղի թորելու սարք, փչացրել են մեկ անգամ քաշած, մեծ քանակությամբ խնձորի օղի, վնասել են առանձնատան պատուհանները, դռները։ Պատճառված վնասը փաստացի կազմում է 1,3-1,5 միլիոն դրամ , սակայն քրեական գործի նյութերով վնասը գնահատված է ընդամենը 700 հազար դրամ։ Տուժած ամուսինները հանցագործությունը բացահայտելու համար գոհ են  ոստիկանության Դիիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի կատարած աշխատանքից, սակայն դժգոհ են գործը քննող, քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժնի քննիչ Արմեն Ավետիսյանից, ով, իրեն տնական օղու փորձագետի տեղ դրած, գողերի կողմից վնասված օղու գինը քիչ է հաշվել։ Չնայած կատարվածը թեթեւ հանցագործություն չէ՝ խմբի կողմից բնակարան կամ շինություն մուտք գործելը, գողություն կատարելը, սակայն խմբի 8 անդամներից միայն մեկի նկատմամբ է որպես խափանման միջոց կալանքը ընտրվել, մյուսների հանդեպ տնային կալանք է կիրառվել։ Գեղամ Գուլինյանը եւ Լիանա Ղազինյանը նշում են, որ դատարանի որոշմամբ տնային կալանքի տակ գտնվողները Հաղարծին գյուղում ազատ տեղաշարժվում են, ո՞վ պետք է հսկի նրանց տնային կալանքի տակ գտնվելը…. Պրոբացիայի ծառայությո՞ւնը, ինչո՞ւ չի վերահսկում։ Խմբի անդամներից մեկը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի համագյուղացի, նրա մտերիմ ընկեր, Դիլիջան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վարդան Թամրազյանի որդին է՝ Սամվել Թամրազյանը։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին Վարդան Թամրազյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են։ Գեղամ Գուլինյանը, Լիանա Ղազինյանը չգիտեն, թե քրեական գործով նախաքննությունն ավարտվե՞լ է, ե՞րբ է կայանալու սույն գործով դատավարությունը։

 

29 ԱՄԻՍ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում շարունակվում է հայտնի գործարար, կուսակցական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանին ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի եւ մյուսների կողմից առեւանգելու գործով դատավարությունը։ Դատարանը որոշել է եւս 3 ամսով երկարաձգել մեղադրյալների, այդ թվում՝ Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը, այն երկարաձգել մինչեւ 2025 թ. փետրվարի 11-ը։ Միաժամանակ դատարանն արգելել է այլ անձանց շփումը Սուրեն Մանուկյանի հետ, բացառությամբ՝ ազգականների ու փաստաբանների։ Ս. Մանուկյանը մինչ այդ կալանքի տակ էր 26 ամիս, դրան գումարվեց եւս 3 ամիս։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս