ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ «ԼԱԲԻՐԻՆԹ» ՕՊԵՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կներկայացվի աշխարհում նախադեպը չունեցող «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերան։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 28-ին, 29-ին, 30-ին համաշխարհային պրեմիերա է։ Միջազգային թիմի եւ տեղի պրոֆեսիոնալ մասնագետների ջանքերով կցուցադրվի օրիգինալ ներկայացում օպերային ժանրում՝ պոստմոդեռնիստական թատրոնի բոլորովին նոր ստեղծագործություն, որը լիովին նոր լիբրետոյի շնորհիվ մեկտեղում է Բախի, Մոցարտի, Ռոսինիի, Դոնիցետիի, Օֆենբախի, Գունոյի, Բիզեի, Չիլեայի, Շարպանտիեի, Սեն-Սանսի, Վերդիի, Կալմանի, Ջենկինսի եւ շատ այլ կոմպոզիտորների երաժշտությունը:

 

Լաբիրինթ. ամենեւին էլ պարտադիր չէ, որ այն կապված լինի հրեշ Մինոտավրոսի կամ հին եգիպտական տաճարների խճճված՝ ելքի որեւէ հույսից զուրկ ուղիների հետ: Ընդհակառակը, երբեմն դրա անցումներում թափառելը կարող է վերակառուցել գիտակցությունը: Հենց դա էլ պատահում է իր դրամատուրգիայով եւ կոմպոզիցիայով եզակի՝ «պաստիչո» ժանրի «Լաբիրինթ» օպերայի հերոսների հետ։

Օպերայի մտահղացման եւ սցենարի հեղինակն Օլեգ Թումանովն է, ով որոշել է մինչեւ եվրոպական բեմերում ներկայացման հայտնվելն այն առաջինը ցուցադրել իր պատմական հայրենիքում։

«Ինձ համար շատ կարեւոր է հատկապես Հայաստանում իրականացնել այս օպերայի բեմադրությունը։ Հայտնի է, որ հայ հանդիսատեսը շատ լավ ճաշակ ունի, եւ շատ խստապահանջ է։ Վստահ եմ, որ այս եզակի օպերան շատ կսիրվի հայ հանդիսատեսի շրջանում, հատկապես, որ մենք ներկայացնելու ենք վերջին 300 տարվա ընթացքում ստեղծված լավագույն օպերային արիաները»,-նշում է Օլեգ Թումանովը։

Նշենք նաեւ, որ հատուկ բեմադրության համար պատրաստվում են յուրահատուկ դեկորացիաներ եւ կոստյումներ, որոնք հանդիսատեսին կտեղափոխեն 17-րդ դար։

Օպերայի երաժշական ղեկավարը եւ դիրիժորը Դմիտրի Վոլոսնիկովն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Նարինե Ոսկանյանը։ Ռեժիսոր-խորեոգրաֆն է Իվան Ֆադեեւը, իսկ բեմադրող նկարիչը՝ Ելենա Սոլովյովան։ Նախագծի ղեկավարն է Անի Եփրիկյանը։

«Լաբիրինթ»-ում ներգրավված է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը։ Ելույթներով հանդես կգան աշխարհահռչակ Լա Սկալայի, Քովենթ գարդենի, Վերոնայի թատրոնի, Մետրոպոլիտեն օպերայի, ՌԴ Բոլշոյ եւ Մարիինյան թատրոնների օպերային երգիչները, որոնց թվում են բարիտոն Վասիլի Լադյուկը, տենոր Յարոսլավ Աբաիմովը, բարիտոն Արտյոմ Գարնովը, սոպրանոներ Քրիստինա Գոնցան, Մարիա Բույնոսովան եւ Քրիստինա Պոնոմարյովան, մեցցո սոպրանո Անաստասիա Լեպեշինսկայան։

Հ. Բ.

 

 




Լրահոս