Իշխանությունները 2026թ-ի ընտրություններին ընդառաջ՝ փոփոխություններ են նախաձեռնել Ընտրական օրենսգրքում։
ԸՕ փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է, առաջիկայում ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ կընդունվի և կքննարկվի։
«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
– Տիկին Սամսոնյան վստահաբար տեղյակ եք Ընտրական Օրենսգրքի փոփոխություններից, այն մասին, թե որ կետերն են փոխվելու: Շատ քննարկվեց այն հարցը, որ կարող է ընտրություն լինել, բայց կարող է արդյունքների հրապարակման պահին արտակարգ դրություն հայտարարվել: Ըստ Ձեզ, սա պարզապես փոփոխություն է, թե իշխանությունները հստակ նպատակ եւ միտում ունեն: Արդյո՞ք ընտրություններից առաջ նախապես ապահովագրում են իրենց:
-Իշխանությունները հասկացել են, որ ընտրությունները կեղծելու կարողություն իրենք չունեն: Դա վեր է իրենց ուժերից: Եթե ընտրությունները կեղծելու այլ տարբերակներ ունենային, ապա, միանշանակ, կգնային դրան: Բայց միեւնույն ժամանակ նաեւ մտածել են, թե ինչպես է հնարավոր գողանալ մյուսների ձայները, որպեսզի անընդհատ նպաստեն իրենց վերարտադրությանը: Բերել են մի նախագիծ, որով այո՛, ընտրություններից հետո կարող են հայտարարել արտակարգ կամ ռազմական դրություն եւ չհարգել ընտրությունները, եթե իրենք ձայների մեծամասնությունը չեն հավաքել: Սա ուղիղ սպառնալիք է ժողովրդավարությանն ու ընտրական կարգին: Այսպիսի փոփոխություն կարող են իրականացնել միայն ավտորիտար իշխանություն ունեցող երկրները:
– Տիկի՛ն Սամսոնյան, Վենետիկի հանձանողովը այս նախագծի վերաբերյալ եւս բացասական եզրակացություն է տվել, ինչը կարծես ետ չի պահում իշխանություններին, եւ առաջիկայում պետք է, որ բերեն լիագումար նիստերում քննարկեն սա: Ստացվում է, որ միջազգային կազմակերպությունների արձագանքն էլ այլեւս չի ազդում:
-Այո՛, իշխանությունները կարծում են, որ նույնիսկ միջազգային կազմակերպություններին դեմ գնալը շատ էժան է նստելու մեզ վրա, եւ ժողովուրդը այս հաշվով որեւէ ձայն չի հանելու, ու սա որեւէ հետեւանք չի ունենալու մեզ համար: Քանի որ իրենք դրսի համար շատ հարմար իշխանություն են դարձել՝ թե՛ արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի Դաշնության, իրենք շատ հանգիստ են, որ այս «փոքրիկ» հակաժողովրդական վիճակը որեւէ հետեւանք չի ունենալու:
Իրենց համար 2026 թվականին կամ ավելի շուտ վերարտադրվելը ավելի կարեւոր է, քանի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի առնելը:
– Ստացվում է, որ իշխանությունն այլեւս իր ուժերի վրա վստահ չէ:
-Բնականաբար խոշոր քաղաքներում ընթացող գործողությունները եւ ՔՊ-ի անկումը փաստող հարցումները իրենց վախեցնում են: Սակայն այստեղ պետք է նաեւ շատ լուրջ մտածել այն մասին, թե ինչպիսի արհեստական իրավիճակ կարող է ստեղծել իշխանությունը, եթե ընտրության արդյունքներն իրենց սրտով չլինեն: Այսինքն պե՞տք է սահմաններին լարված լինելու վերաբերյալ հայտարարություն անի:
Մենք գիտենք, որ այս իշխանությունը հարմար է նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին, ինչը նշանակում է, որ ամեն պահի կարող են օգնության հասնել այս հարցում: Բացի այդ կարող է ներսում իրարանցում ստեղծել՝ սահմանադրական կարգի պահպանման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու համար:
Քրիստինա Մուշեղյան