Նոր Հաճնի կամրջի նորոգումը 2-3 ամսվա փոխարեն իրականացվելու է 8 ամսում։
Բանն այն է, որ երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարություն տարածեց որպես իրազեկում՝ հայտնելով, որ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջի (Նոր Հաճնի կամուրջ) հիմնանորոգման աշխատանքներն իրականացնող կապալառուի հետ կնքված պայմանագրի համաձայն, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին։ Կապալառու կազմակերպությունն աշխատանքներ է տանում արտերկրից շինարարական նյութերը ներմուծելու և հիմնանորոգումը հնարավորինս կարճ ժամկետում ավարտին հասցնելու ուղղությամբ։
ArmLur.am-ի հետ զրույցում Նոր Հաճնի, Աբովյանի և Նոր Գեղիի մի քանի բնակիչներ բողոքում էին, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը պարապուրդի են մատնված։
«Նախ խոստացել էին, որ կամուրջը կբացվի հոկտեմբերի 6-ին, հետո ասացին նոյեմբերի 12-ին։ Դեռ նոյեմբերի 12-ը չի լրացել, բայց արդեն ասում են 2025 թվականի հուլիս։ հետո՞… բա ձմռանը ոնց ենք անելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում իրենց վրդովմունքն են հայտնում բնակիչները։
Խնդիրն այն է, որ առաջարկվող այլընտրանքային ճանապարհը հիմա լի է խոչընդոտներով, իսկ ձմռանը սառույցի և ձյան պատճառով կարող է վթարների պատճառ դառնալ։ Իսկ թե այս խնդրի վերաբերյալ ինչ են մտածում գործադիրում, հարցական է։
Հիշեցնենք, որ Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգման աշխատանքները պետք է տևեին օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 6-ը։
Էմմա Միքայելյան