Կանանց սրտերի տիրակալը, ում անունն Ալեն Դելոն է, նաև 1960-1980-ականների սեքս խորհրդանիշն է։
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Ալեն Դելոնի ծննդյան օրն էր։
ArmLur.am-ը ներկայացնում է ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ Ալեն Դելոնի կյանքից հետաքրքիր դրվագներ։
Դելոնն այն անհատներից էր, որը մինչև իր կյանքի վերջին օրն էլ գերել է շատերի սրտերը։
Ալեն Դելոնը 2013 թվականին «Paris Match» ամսագրին տված հարցազրույցում բացահայտ կերպով ասել է, որ պատրաստ է մահվանը, քանի որ այլևս չի տեսնում իր տեղն ու նպատակն այս աշխարհում։
Հարցազրույցի ընթացքում նա խոստովանել է.
«Ես իմ կյանքի վերջին գլուխն եմ ապրում, և դրա համար չեմ ափսոսում։ Ես կորցրել եմ շատ ընկերներ, մարդիկ, որոնց սիրում էի։ Ինձ համար հիմա ամեն ինչ փոխվել է։ Ես այլևս չեմ ցանկանում ապրել այս աշխարհում»։
Նա նաև նշել է, որ տանջվում է առողջական խնդիրների պատճառով և հաճախ մտածում է իր կյանքի ավարտի մասին։
Ալեն Դելոնի խոստովանությունից ամենաշատը ուշադրություն գրավել է այն միտքը, որ նա չի ուզում բնական ճանապարհով մահանալ, այլ ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ իր կյանքի ավարտին, երբ զգա, որ արդեն եկել է պահը։ Դելոնը իր ցանկությունն արտահայտեց «էյտանազիայի» վերաբերյալ՝ ասելով, որ ցանկանում է ունենալ իրավունք որոշելու իր կյանքի վերջը։
Այս խոսքերը մեծ քննարկումների առիթ դարձան Ֆրանսիայում և արտասահմանում, քանի որ նա բացահայտ կերպով բարձրաձայնեց այն հարցերը, որոնք հասարակության մեջ հաճախ ծածկադմփոց էին դառնում։
Շատերն այս հարցազրույցը ընկալել էին որպես նրա հոգեբանական անկեղծության արտահայտություն, մինչդեռ մյուսները համարել են նրա խոսքերը սթափեցնող և խիզախ քայլ՝ բարձրացնելու կյանքի, մահվան և գոյության բարդ հարցերը, որոնք հաճախ անտեսվում են։
Մեկ այլ հարցազրույցում 83 ամյա Ալեն Դելոնը ասել է, որ կինոյի աշխարհը շատ է փոխվել և ինքը չի հաշտվում այդ փոփոխությունների հետ։
Նա ասել է. «Ես գիտեմ, որ այսօրվա կինոն այլևս այն չէ, ինչ ես սիրել եմ, այն, ինչի համար ապրել եմ։ Դա ինձ համար այլևս հետաքրքիր չէ»։
Դելոնը քննադատել է ժամանակակից կինոյի ինդուստրիալիզացիան՝ ասելով, որ այն կորցրել է իր իսկական արժեքը՝ սերը, կիրքը, և այժմ ավելի շատ բիզնեսի է վերածվել։
Ահա այսպես, Ալեն Դելոնը լեգենդ էր, որը ոչ միայն լուսավորեց ֆրանսիական կինոն, այլև ապրեց կյանք, որը լի էր բարդություններով ու մտորումներով։
Ինչ վերաբերում է Ալեն Դելոնի անձնական կյանքին, ապա այն լի էր սիրային պատմություններով, կրքոտ հարաբերություններով և սկանդալներով։ Նա իր կարիերայի ընթացքում հանդիպել է բազմաթիվ ազդեցիկ կանանց և ապրել բուռն, հաճախ դրամատիկ սիրային պատմություններ, որոնք մշտապես եղել են մամուլի ուշադրության կենտրոնում։
Դելոնի ամենահայտնի և գեղեցիկ սիրավեպերից մեկն էր գերմանացի դերասանուհի Ռոմի Շնայդերի հետ։ Նրանք ծանոթացան 1958-ին՝ «Քրիստին» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանց սիրավեպը դարձավ համաշխարհային սենսացիա, բայց հարաբերությունները բավականին բարդ ու դրամատիկ էին։ 1963-ին Դելոնը անսպասելիորեն ավարտեց հարաբերությունները և դա մեծ հարված էր Շնայդերի համար։ Շատերն ասում են, որ Ռոմիի կյանքի վերջը խորապես ազդել է Դելոնի վրա, և նա երբեք չէր մոռացել իրենից տարված սիրելիին։
1964 թվականին Դելոնը ամուսնացավ դերասանուհի Նատալի Բարտելեմիի հետ։ Նրանց որդին՝ Անտոնի Դելոնը, ծնվեց նույն թվականին, բայց ամուսնությունն անսպասելի ավարտվեց ընդամենը մի քանի տարի անց։ Բարտելեմիի հետ հարաբերությունները լարված էին, և Դելոնը երբեք երկար ժամանակ չկարողացավ պահպանել ամուր ընտանիք։ Նատալիի հետ ամուսնալուծությունը խորացրեց նրա՝ որպես «սխալ ընտրություն կատարող տղամարդու» կերպարը։
Դելոնը նաև հայտնի էր իր կարճատև, բայց բուռն սիրավեպերով։ Նրա կապը Նիկո անունով երգչուհու հետ ևս հետաքրքրություն էր առաջացնում։ Նիկոն ծնեց տղա՝ Արի անունով, սակայն Դելոնը չընդունեց և անգամ հերքեց, որ երեխայի հայրն է, և երեխային մեծացրեց նրա մայրը։ Դելոնը նաև հայտնի էր, որ ամուսնությունից դուրս բազմաթիվ կապեր ուներ և չէր թաքցնում իր «վատ տղայի» կերպարը։
Ալեն Դելոնն իր կյանքի վերջում, հատկապես երբ առողջական խնդիրները մեծացան, ավելի հաճախ էր խոսում կյանքում ունեցած սխալների մասին։ Նա հաճախ էր արտահայտում ափսոսանք այն մասին, որ չկարողացավ ունենալ ամուր ընտանիք և մեծ կապ պահպանել իր երեխաների հետ։
Աննա Սրապիոնյան