Թրամփը խոսել է Պուտինի հետ՝ հորդորելով նրան չէսկալացնել իրավիճակն Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հեռախոսազանգից տեղյակ իր աղբյուրներին։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Պուտինը և Թրամփը զրուցել են ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո առաջին անգամ։

Ըստ The Washington Post-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել չէսկալացնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և նրան հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ-ի բավական մեծ ռազմական ներկայության մասին։

Թրամփը և Պուտինը նաև քննարկել են Եվրոպայում խաղաղությունը։

«Թրամփը հետաքրքրվածություն է հայտնել հետագա զրույցներ ունենալ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի շուտափույթ լուծման հարցը», – հավելել են լրատվամիջոցի աղբյուրները։

Ըստ CNN-ի կողմից ներկայացված վերջին տվյալների՝ նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 312 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Նրա համար քվեարկել է 74,5 միլիոն մարդ: Դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ապահովել է ընտրիչների 226 ձայն։ Նրա համար քվեարկել է 70,8 միլիոն ընտրող։




Լրահոս