Այսօր Բաքվում մեկնարկում է COP29-ը՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը։ Այն տևելու է նոյեմբերի 11-ից 22-ը։
COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվել է 2023-ի դեկտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ Որոշումն ընդունվեց նաև Հայաստանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Ադրբեջանը համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
Համաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ։ Բաքու է մեկնել նաև Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ավելի ուշ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հնարավոր է՝ Բաքու մեկնի՝ պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Հավելենք նաև, որ թվով 80 զինծառայողի գերության մասին փաստող տվյալներ կան, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չի ընդունում։
Հիշեցնենք, որ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս նախապայման է սահմանել՝ գերիներին չվերադարձնելու դեպքում COP29-ին մասնակցությունը ճիշտ չէ։
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բաքուն մինչ միջոցառման մեկնարկը հնարավոր է հայ գերիների բաց թողնի, սակայն դրանց մեջ չեն մտնում Արցախի ռազմաքաղաքական գերիները։
Մինչ այժմ Ադրբեջանի կողմից որևէ հայտարարություն չկա հայ գերիների ազատ արձակման մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան