ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագիծը սառեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին գործերի նախարարությունն այսօր հայտարարեց, որ սառեցնում է աղմկահարույց նախագիծը, որով ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա մի շարք տնտեսվարողների տեսահսկման համակարգերին։

Հիշեցնենք, որ հունիսին ԱԺ-ն 67 կողմ, 21 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով։ Առաջարկվում է նաև շտապօգնության մեքենաների և ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների ու միկրոավտոբուսների ուղևորասրահները ևս տեսահսկման համակարգերով ապահովել: Նախատեսվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում առկա ցանցային համալրում, ինչը կնպաստի 24/7 ռեժիմով իրավիճակին տեղյակ լինելուն:

Ըստ նախագծի՝ Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

Նախագծի համահեղինակներից է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

ArmLur.am-ը նրանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է նախագիծը սառեցվել, արդյո՞ք քննադատությունների մեծ ալիքն է պատճառը։ Վերջինս էլ նշեց, որ նախագծում փոփոխություններ պետք է արվեն։

«Մի քանի փոփոխություններ կարվեն, հետո կրկին շրջանառության մեջ կդնենք՝ կամ ես, կամ ՆԳՆ-ի հետ համատեղ։

Ըստ փոփոխությունների՝ առաջին փուլով կառավարության ենթակա մարմինների և համայնքային մարմինների տեսախցիկները կմիանան համակարգին, հետո նոր մասնավորը կմիանա։

Հրատապություն չկա, քանի որ օրենքը եթե ընդունենք էլ 1․5 տարի հետո նոր ուժի մեջ է մտնելու, մենք շտապելու բան չունենք, փոփոխությունները կարվեն, հետո ժամկետի մեջ օրենքն ուժի մեջ կմտնի»,-ասաց Հայկ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս