ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մելիքբեկյանի հրաժարականը մոտ է․ կրքերը թեժացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում կտրուկ փոփոխությունները վերջին զարգացումներից հետո անխուսափելի կլինեն։

Իսկ որոնք էին վերջին զարգացումները․

Բանն այն է, որ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի խայտառակ պարտությունը պատճառ դարձավ ֆուտբոլի երկրպագուների համար, որ պահանջեն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Խաղն ավարտվել էր 2:0 հաշվով` հօգուդ Հյուսիսային Մակեդոնիայի։ Խաղի ավարտից հետո Հայաստանի հավաքականի երկրպագուներն, արդյունքներից դժգոհելով, հավաքվեցին ՀՖՖ-ի դիմաց և պահանջեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ նրան տալով 40 րոպե։ Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ ՖԱՖ-ը, մինչ այսօր պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, սակայն ձայն բարբառո անապատի։

ՖԱՖ-ին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ-ում իրավիճակն այնքան լուրջ է, որ առաջիկայում կհասնեն իրենց ուզածին և Արմեն Մելիքբեկյանը հրաժարական կներկայացնի։

Հավելենք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի պահանջն արդեն մարզադաշտեր է հասել, ներքին առաջնության հանդիպումների ընթացքում ֆան ակումբների անդամները խաղադաշտ են դուրս եկել: Երկրպագուները «Վեստ-Արմենիա» – «Ալաշկերտ» խաղի ընթացքում բողոքի ակցիա անցկացրին, ապա նույն պահանջը հնչեցրին արդեն «Շիրակ» – «Գանձասար» հանդիպմանը։

Երկրպագուները «Քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառներով ակցիա էին իրականացնում ազգային հավաքականի և տարբեր ակումբների խաղերին՝ ակնարկելով Մելիքբեկյանին։

Հրաժարականի պահանջին ՀՖՖ կայքում հրապարակված հայտարարությամբ Արմեն Մելիքբեկյանը մոտ երկու շաբաթ առաջ է անդրադարձել։ Վստահեցնելով, թե Ֆեդերացիան արել է հնարավոր ու անհնար ամեն ինչ լավ արդյունքներ ունենալու համար՝ Մելիքբեկյանը գրել է, թե հասկանում է դժգոհությունը, բայց վերջնագրերով խոսելու գործելաոճը չի ընդունում։

ՀՖՖ նախագահը հաջորդ տարվա անելիքներն է թվարկել ու եզրափակել, թե «որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ինքն ավելի մտահոգ է գալիք տարվա անելիքներով»։

 

 




Լրահոս