Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի այցը տեղի է ունենում Ադրբեջանում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի շրջանակում:
COP29-ը Բաքվում անցկացնելու որոշումը կայացվել է 2023-ի դեկտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և հայաթափումից ընդամենը երեք ամիս անց։ Որոշումն ընդունվեց նաև Հայաստանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Ադրբեջանը համաձայնեց ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։
Համաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ։
Ավելի ուշ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հնարավոր է՝ Բաքու մեկնի՝ պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Հավելենք նաև, որ թվով 80 զինծառայողի գերության մասին փաստող տվյալներ կան, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չի ընդունում։