Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հարկավոր է հրաժարվել այն ավանդույթներից, որոնք ձևավորվել են պետականության բացակայության պայմաններում։
Փաշինյանն այս մասին ասաց Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։
Փաշինյանը խոսեց այն ավանդույթների մասին, որոնք դեռ պահպանվում են համայնքներում՝ նշելով, որ շատ համայնքներում «լավություն» անելու ամենատարածված ձևերից մեկն է այնպես անել, որ մարդիկ գույքահարկ չվճարեն։
«Այսօր շատ երևույթներ կան, որոնց դեպքում ասում ենք, որ դա մեր ավանդական մոտեցումն է, բայց շատ ավանդույթներից մենք ուղղակի պետք է հրաժարվենք: Դրանք այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են պետականության, համայնքի բացակայության պայմաններում, որովհետև դրանք ավանդույթներ են այն մասին, որ մենք անկախ պետություն պետք է չլինենք, մենք համայնքային կառավարում չպետք է ունենանք, մենք պետք է ունենանք բդեշխային կառավարում, մենք պետք է ունենանք օկուպացիոն կառավարում: Հետևաբար, շատ ավանդույթներ կան, որ հենց այս տրամաբանության մեջ են»,- նշել է երկրի ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է, որ պետք է տարբերել ավանդույթները և հստակ շեշտադրում դնել այն ավանդույթների վրա, որոնք պետական են, համայնքային են և որոնք նպաստում են տեղական ինքնակառավարման և պետական ինստիտուտների կայացմանը՝ որպես համընդհանուր բարեկեցության գործիք: