Իսրայելի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 11-ին հարված են հասցրել սիրիական Հոմս քաղաքի շրջակայքին: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
Նշվում է, որ ըստ The Middle East Observer-ի տվյալների՝ հարվածի թիրախ են դարձել զինամթերքի պահեստը և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մի քանի մեծ բեռնատարներ: Ինչպես պնդում է իսրայելական կողմը, շարժումն օբյեկտներ ունի նաև Սիրիայի տարածքում։
Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին, որոնց թիվը չի նշվում։
Իսրայելական ավիացիան ավելի վաղ ևս հարվածներ էր հասցրել Սիրիային՝ թիրախավորելով Դամասկոսի արվարձաններում գտնվող բազմաբնակարան շենքը, որի հետևանքով կա 7 զոհ։
Մեկ շաբաթ առաջ գրոհի է ենթարկվել երկրի արևմուտքում գտնվող Էլ Քուսեյր քաղաքը։ Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) այդ ժամանակ հայտարարել էր, որ հետախուզական տվյալների հիման վրա հարված է հասցրել Էլ Քուսեյրում գտնվող «Հեզբոլլահ» շարժման զինապահեստին:
ԻՊԲ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի կառույցը, որը պատասխանատու է զինամթերքի մատակարարման համար, վերջերս մեծացրել է իր ակտիվությունը Սիրիայում, սիրիա-լիբանանյան սահմանի մոտ:
«Սա ևս մեկ օրինակ է այն բանի, որ «Հեզբոլլահ»-ը նյութատեխնիկական մատակարարման ենթակառուցվածք է ստեղծում Սիրիայից Լիբանան մաքսանենգ զենք տեղափոխելու համար», – հայտարարել է ԻՊԲ-ն:
Բացի այդ, ԻՊԲ-ում նաև հաստատել են Դամասկոսի հարավում գտնվող օբյեկտներին հարվածներ հասցնելու տեղեկատվությունը։ Իսրայելական զինվորականները պարզաբանել են, որ գրոհի է ենթարկվել «Հեզբոլլահ»-ի հետախուզական ծառայության տեղական բաժանմունքը, որի մեջ, ԻՊԲ տեղեկություններով, մտնում է «հետախուզական տվյալների հավաքման, համակարգման և գնահատման անկախ ցանց»: