Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն օրերս մասնակցել է հայտնի դիզայներ և ոճաբան Արամ Նիկոլյանի ցուցադրությանը, որից հետո կիսվել է իր տպավորություններով և պատմել կերպարի մասին։
Հարգելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ հետևորդներ: Նախ ՄԵԾԱՊԵՍ շնորհակալ եմ, իմ համեստ անձն այդքան կարևորելու ու քննարկելու համար, @nikolyanofficial-ի ցուցադրությունից հետո, ում նպատակն էր ԿԱՆԱՆՑ միջոցով ներկայացնելու տասը կարևոր հիմնասյուները, որոնց վրա պահվում է պետությունն ու Երկիրը, ու, որպեսզի թյուրըմբռնում չլինի, կարճ ներկայացնեմ իմ «կերպարը»:
Ինձ բաժին էր հասել ՀԱՎԱՏՔԸ, իմ սրտին ու էությանը ամենամոտ ու կարևորագույնը։
Այսպիսով՝ իմ այս հագուստով Հավատք կերպարը ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈւ Կերպարն է, եկեղեցին կնոջ կերպար է, եկեղեցու ավազանը համարվում է արգանդը, որտեղից ծնվում ենք որպես քրիստոնյա:
Եկեղեցին նաև ներկայանում է որպես Քրիստոսի հարսը, այդ պատճառով էին զգեստները սպիտակ՝ հարսանեկան:
Սողոմոնն իր երգ երգոցում հարս եկեղեցու ու որպես Փեսա՝ Քրիստոսի հարաբերությունները նկարագրում է շատ պատկերավոր:
Այսինքն եկեղեցու կերպարը մինչև վերջ կանացի է, իսկ քողի վեղարանման ֆորման՝ ձևը, վերցված է ոչ թե հոգևորականների վեղարից, այլ հակառակը, վեղարի ֆորման է վերցված մեր եկեղեցիների սրածայր գմբեթներից, որը խորհրդանշում է ուղիղ կապը Աստծո հետ։
Վստահ կարելի է ասել, որ Արամի մտածածը՝ մի կադրով տալ իր որոշած հիմնասյուների պատկերավոր մարմնավորումը՝ ստացվել է:
Ցավում եմ այն մաղձի, մտածված աղճատման ու հատուկ սևացնելու պատրաստ որոշ «այրերի» պատրաստակամության համար, որոնք իրենց են միայն վնասում, ոչ ինձ… և ի վերջո մի օր պետք է սովորենք ՏԱՐԲԵՐԱԿԵԼ դերասանին ու նրա ստեղծած որևէ կերպար՝ իր անձից:
Ես խորապես հավատավոր մարդ եմ, իմ Տունն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իմ ամենաերջանիկ ու ցավոտ պահերի Ընկերն Է ու ինձ համար իմ երկրում քիչ մնացած հենման կետերից, ու քավ լիցի, ես ԵՐԲԵՔ չեմ քննում որևէ Պատարագիչ քահանայի կամ հոգևորականի անձն ու մարդկային որակները, այլ խոնարհաբար ու երախտիքով լսում եմ Պատարագն ու մասնակիցը դառնում հաղորդության:
Երանի այս նույն ջանասիրությամբ ոմանք պաշտպանեին եկեղեցին իրական հարձակումների ժամանակ:
Այսքանը:
Եղիցի լույս
Հ.Գ. Արամ Նիկոլյանը բացառապես իր միջոցներով է արել այս հավաքածուն՝ նպատակ ունենալով ՀԱՍՑՆԵԼՈւ ՄԻՏՔԸ, ես էլ առանց որևէ շահի, ՄԻԱՅՆ իբրև ընկեր ու գաղափարակից՝ փորձել եմ օգտակար լինել… այ հիմա վերջ:
Լավ մնացեք։
Իր երկրում ամուր կանգնած՝ Նազենի»,- սոցցանցի իր էջում գրել է հաղորդավարուհին։