ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկանդալ է պայթել. «Ժողովուրդ» օրաթերթը աղմկահարույց բացահայտումներ է արել այն մասին, որ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել:
Հետհեղափոխական իշխանության ներկայացուցիչները, որ իշխանության եկան կոռուպցիան մերժելու խոստումներով, կոռուպցիոն ամենատարբեր սխեմաների մեջ են հայտնվել՝ հատելով անգամ միջպետական անթույլատրելի սահմանները:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել երկու քաղաքացի (կանայք խնդրեցին իրենց անուններն ու դեմքերը չհանրայնացնել՝ թիրախավորումից խուսափելու համար) եւ հայտնել, որ ցանկացել են երկու ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ:
Նրանք դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որը վստահեցրել է, որ իրենք կստանան վիզա, կմեկնեն:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցների նկարագրմամբ՝ Նունեն ներկայացրել է, որ գործընթացը կլինի այսպես. ընտանիքներից որոշ ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի կանցնեն, որից հետո կդիմեն դեսպանատուն եւ վիզա կստանան, բայց ամեն անձի համար պետք է վճարել 7000 ԱՄՆ դոլար: Հավաստիացումները ստանալուց հետո՝ քաղաքացիները վաճառել են իրենց բնակարանները եւ գրասենյակում 10 հազար դոլար տվել Նունեին, իսկ հետո վերջինս ասել է, որ 7000 ԱՄՆ դոլար էլ պետք է վճարեն ԱԳՆ-ի դիմաց մի մարդու, որը, հետագայում պարզվել է, ԱԳՆ-ում աշխատող վարորդ Երջանիկ Ումրշատյանն է:
Վերջինս ԱԳՆ ավտոմեքենայով ԱՄՆ դեսպանատուն է տարել քաղաքացիներին, բայց վիզա ստանալ չի հաջողվել:
Երբ քաղաքացիները հասկացել են, որ վերջնականապես խաբված են, պահանջել են իրենց գումարը՝ նախ Նունեից, հետո Երջանիկից, ապա փոխանցել են պահանջը Վահան Կոստանյանին (տեսանյութում կան դեպքի մանրամասները):
«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի վերաբերյալ 2 անգամ զրուցել է Նունե Սոֆյանի հետ, ով պահանջել է ոչինչ չհրապարակել իր անունից, քանի որ ինքը թույլ չի տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին՝ պահանջելով պարզաբանել, թե իր վարորդի ենթադրյալ մեքենայություններից տեղյակ է արդյոք, ինչ մասնակցություն ունի այս պատմությանը եւ, որպես ՔՊ նախկին խոսնակ, ինչ գնահատական կտա այս՝ ակնհայտորեն կոռուպցիոն երեւույթի վերաբերյալ:
Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչեւ իր փոխնախարար դառնալը, ապա տեղեկացրել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, երբ նրա անօրինականության մասին իմացել է. բայց ոչ մի գնահատական՝ այս երեւույթին:
Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ից, «Ժողովուրդ» օրաթերթի մեկ այլ հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են տրամագծորեն հակառակի մասին. Ումրշատյանը 2022 թվականի մարտի 1-ից աշխատանքի է անցել ԱԳՆ-ում (փաստաթղթերը տեսանյութում ներկայացված են): Իսկ Վահան Կոստանյանի պատասխանում գրված է, որ Ումրշատյանը իր փոխնախարար նշանակվելու ժամանակ (2023 թվականի հունվարից) արդեն ազատված է եղել ԱԳՆ-ում վարորդի աշխատանքից եւ նրա վարորդը չի եղել:
Նախարարության եւ փոխնախարար Կոստանյանի հակասական պատասխաններն արդեն իսկ կասկածահարույց են: Ինչո՞ւ է Կոստանյանը կտրուկ «հրաժարվում» վարորդ Ումրշատյանից, եթե մեզ դիմած քաղաքացիները պատմել են, որ տեսել են՝ ինչպես է ինքն իջել Ումրշատյանի ավտոմեքենայից ու աշխատանքի գնացել, իսկ վարորդը հանդիպել է քաղաքացիներին դիմացի այգում:
Բայց առավել ուշագրավ է այն, որ ԱԳՆ-ն թաքցրել է պատճառը, թե ինչու է արտաքին գործերի նախարարության վարորդը օրերս ազատվել աշխատանքից:
Փաստն այն է, որ Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցի աշխատակիցը օրեր առաջ՝ հոկտեմբերի 28-ից, «անհետացել» է ՀՀ-ից: Այսինքն՝ ԱԳՆ աշխատանքից ազատվելուց 3 օր հետո նա փախել է երկրից, որի մասով եւս պաշտոնական հարցում ենք արել:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց՝ պարզելու, թե ինչ գործ է քննվում այս մասով, ովքեր կան ներգրավված. դատախազությունից, սակայն, լրացուցիչ 30 օր են խնդրել՝ պարզագույն այս հարցերին պատասխանելու համար: Եվ այս դանդաղկոտությունն է թերեւս պատճառը, որ Երջանիկ Ումրշատյանը հասցրեց հեռանալ Հայաստանից:
Իսկ սա ուղղակի հանցագործություն չէ, այլ ՀՀ պետական պաշտոնյաների ենթադրյալ ներգրավվածությամբ միջպետական սկանդալ. օտար երկրների դեսպանատները փաստացի փորձել են ներքաշել խարդախությունների մեջ, իսկ Նիդերլանդների դեպքում 8 հոգու վիզան ստացվել է 3 օրում:
ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հերթական խոստումը մնաց օդի մեջ կախված։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը դեռ սեպտեմբերին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է, արդեն հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը մինչ օրս չի դիմել ԱԺ նախագահին, ոչ էլ զեկույցն է հրապարակված՝ թեկուզ գաղտնիության ռեժիմով։ «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը հայտնեց, որ փակ նիստ հրավիրելու հարցով նամակ չեն ստացել։ Դրանից առաջ եւս Անդրանիկ Քոչարյանը ժամկետներ էր նշել. դեռ ապրիլին հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի մայիսի վերջին կամ սեպտեմբերին։ Բայց այս ժամկետներն էլ չեն պահվել. ձգվում ու ձգվում են, իսկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը մնում է գաղտնի պահված։ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով: Եվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով պարտավոր է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովել, չի կարողանում հետեւել կանոնակարգի պահանջներին, որպեսզի ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետներն ու պարտադիր ներկայացվելիք զեկույցները ներկայացվեն պատշաճ կարգով եւ ժամանակին: Իսկ ԱԺ կանոնակարգի խախտումը օրինախախտում է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՄԻԵԴ-ը կստանա Ռոբերտ Քոչարյանի գործը քննող նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի դիմումը։ Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ կարգապահական էական խախտման հիմքով։ ԲԴԽ նախագահը, առանց իր իրական նպատակները թաքցնելու, հայտարարեց, որ Դանիբեկյանին հեռացնում են մեր ժամանակների «ամենակարեւոր» դատական գործի պատճառով, քանի որ նա, իրենց կարծիքով, միտումնավոր է ձգձգել Ռոբերտ Քոչարյանի եւ Սիլվա Համբարձումյանի գործով դատաքննությունը՝ մինչեւ վաղեմության ժամկետը լրանա: Ըստ արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետեւանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով: «ԲԴԽ-ն հարկ է համարել ընդգծելու, որ երկար ձգձգված ու վաղեմության ժամկետի ավարտման հիմքով կարճված Ռոբերտ Քոչարյանի գործն ուներ բացառիկ կարեւորություն թե՛ վարույթում ներգրավված անձանց շրջանակի կարգավիճակով, թե՛ նրանց մեղսագրվող արարքների քրեաիրավական բնույթով եւ ծանրության աստիճանով: Հետեւաբար, դատավոր Դանիբեկյանը պարտավոր էր գիտակցել, որ արդարադատություն է իրականացնում ՀՀ դատաիրավական պրակտիկայի պատմության ամենակարեւոր գործերից մեկով, եւ պետք է արդյունավետ կազմակերպեր եւ ողջամիտ ժամկետում իրականացներ արդարադատություն»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։
Տեղեկացնենք, որ դատավարությունը տեւել է 4 տարի 4 ամիս, ինչը, ԲԴԽ-ի համոզմամբ, տեղի է ունեցել միտումնավոր, քանի որ «դատավորը պատշաճ չի կատարել օրենքով իրեն վերապահված պարտականությունները»։ «Աննա Դանիբեկյանը չի օգտվել օրենքով նախատեսված գործիքակազմից, չի խափանել միատեսակ միջնորդությունների ներկայացմամբ դրսեւորվող իրավունքի չարաշահումը, անհարգելի տարբեր պատճառներով մի շարք դատական նիստերին չներկայանալու վարքագիծը կանխելու համար դատավարական հարկադրանքի համաչափ միջոցներ չի կիրառել: Բացի դրանից, դատավորը չի առանձնացրել եւ առանձին վարույթներով չի քննել մեղադրանքների բնույթով եւ հանցագործությունների սուբյեկտներով միմյանցից տարբեր գործերը։
Վերը թվարկված անգործության տարբեր դրսեւորումներով դատավոր Դանիբեկյանը նպաստել է Ռոբերտ Քոչարյանի գործով օրենքով սահմանված վաղեմության ժամկետի լրանալուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, ինչով իսկ խաթարել է քրեական արդարադատության շահը, նպատակը եւ բուն էությունը: Դատավոր Դանիբեկյանն այս ամենի արդյունքում մեծապես հեղինակազրկել է դատական իշխանությունը»,- նշում է ԲԴԽ-ն։
Եվ ահա, այս որոշման հետեւանքով էլ Դանիբեկյանը տեւական ժամանակ աշխատեց ՄԻԵԴ-ի դիմումի վրա եւ հիմա այն ուղարկում է ՄԻԵԴ:
ԱԺ նախագահի հանրային վարքը դատապարտելի է դարձել անգամ ՔՊ-ամերձ օմբուդսմենի համար:
Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով Արմենուհի Կյուրեղյանին, ասաց. «Ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա…»: «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ասաց՝ չե՞ս ամաչում, եւ ստացավ «չէ՛» պատասխանը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս միջադեպի առիթով հարցմամբ դիմել էր ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ հետեւյալ հարցերով.
1) Ինչո՞ւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը առ այսօր միջադեպին չի արձագանքել
2) Ճի՞շտ եք համարում արդյոք ԱԺ նախագահի նման պահվածքը, թե՞ ոչ:
Խնդրում եմ արձագանքել վերոնշյալ միջադեպի ընթացքում ԱԺ նախագահի արտահայտությանը»:
Հարցմանն ի պատասխան՝ ՄԻՊ գրասենյակից հայտնել են, որ արձագանք կամ մեկնաբանություն օմբուդսմենը կարող է տալ միայն բողոքի դեպքում։ «Վերոգրյալի հաշվառմամբ՝ պաշտպանը չի մեկնաբանում առանձին պաշտոնյաների եւ հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքը»:
Բայց միաժամանակ ՄԻՊ գրասենյակից հարկ են համարում տեղեկացնել, որ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զանկացած դրսեւորումների անթույլատրելիությանն անդրադարձել է 2023 թվականի իր տարեկան հաղորդմամբ՝ ներկայացնելով նաեւ միջազգային եւ ներպետական իրավական չափանիշները։
Պաշտպանը, մասնավորապես, նշել է, որ այդ արատավոր երեւույթները՝ անկախ նրանից, թե ում կողմից են տարածվում կամ ում են հասցեագրված, անընդունելի են, լուրջ վտանգ են ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից, ուստի պետք է բացառվեն հանրային խոսքից եւ հանրային հարաբերությունների տիրույթից»:
Թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոնկրետ ինչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ-ը գրասենյակից չեն մանրամասնել: