ԱԳՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ «ՎԻԶԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ» Է ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջինս ԱԳՆ ավտոմեքենայով ԱՄՆ դեսպանատուն է տարել քաղաքացիներին, բայց վիզա ստանալ չի հաջողվել:

 

Երբ քաղաքացիները հասկացել են, որ վերջնականապես խաբված են, պահանջել են իրենց գումարը նախ Նունեից, հետո Երջանիկից, ապա փոխանցել են պահանջը Վահան Կոստանյանին (ArmLur.am կայքի տեսանյութում կան դեպքի մանրամասները):

«Ժողովուրդ» օրաթերթն այս թեմայի վերաբերյալ 2 անգամ զրուցել է Նունե Սոֆյանի հետ, ով պահանջել է ոչինչ չհրապարակել իր անունից, քանի որ ինքը թույլ չի տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է նաեւ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին՝ պահանջելով պարզաբանել, թե իր վարորդի ենթադրյալ մեքենայություններից տեղյակ է արդյոք, ինչ մասնակցություն ունի այս պատմությանը եւ, որպես ՔՊ նախկին խոսնակ, ինչ գնահատական կտա այս՝ ակնհայտորեն կոռուպցիոն երեւույթի վերաբերյալ:

Կոստանյանը պատասխանել է, թե Երջանիկ Ումրշատյանն աշխատանքից ազատվել է մինչեւ իր փոխնախարար դառնալը, ապա տեղեկացրել, թե այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում է ներկայացրել դատախազություն, երբ նրա անօրինականության մասին իմացել է. բայց ոչ մի գնահատական՝ այս երեւույթին:

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ից, «Ժողովուրդ» օրաթերթի մեկ այլ հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են տրամագծորեն հակառակի մասին. Ումրշատյանը 2022 թվականի մարտի 1-ից աշխատանքի է անցել ԱԳՆ-ում (փաստաթղթերը տեսանյութում ներկայացված են): Իսկ Վահան Կոստանյանի պատասխանում գրված է, որ Ումրշատյանը իր փոխնախարար նշանակվելու ժամանակ (2023 թվականի հունվարից) արդեն ազատված է եղել ԱԳՆ-ում վարորդի աշխատանքից եւ իր վարորդը չի եղել:

Նախարարության եւ փոխնախարար Կոստանյանի հակասական պատասխաններն արդեն իսկ կասկածահարույց են: Ինչո՞ւ է Կոստանյանը կտրուկ հրաժարվում վարորդ Ումրշատյանից, եթե մեզ դիմած քաղաքացիները պատմել են, որ տեսել են՝ ինչպես է նա իջել Ումրշատյանի ավտոմեքենայից ու աշխատանքի գնացել, իսկ վարորդը հանդիպել է քաղաքացիներին դիմացի այգում: Բայց առավել ուշագրավ է այն, որ ԱԳՆ-ն թաքցրել է պատճառը, թե ինչու է արտաքին գործերի նախարարության վարորդը օրերս ազատվել աշխատանքից:

Փաստն այն է, որ Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցի աշխատակիցը օրեր առաջ՝ հոկտեմբերի 28-ից, անհետացել է ՀՀ-ից: Այսինքն՝ ԱԳՆ աշխատանքից ազատվելուց 3 օր հետո նա փախել է երկրից, որի մասով եւս պաշտոնական հարցում ենք արել:

«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին դիմեց՝ պարզելու, թե ինչ գործ է քննվում այս մասով, ովքեր կան ներգրավված. դատախազությունից, սակայն, լրացուցիչ 30 օր են խնդրել՝ պարզագույն այս հարցերին պատասխանելու համար: Եվ այս դանդաղկոտությունն է թերեւս պատճառը, որ Երջանիկ Ումրշատյանը հասցրեց հեռանալ Հայաստանից:

Իսկ սա ուղղակի հանցագործություն չէ, այլ ՀՀ պետական պաշտոնյաների ենթադրյալ ներգրավվածությամբ միջպետական սկանդալ. օտար երկրների դեսպանատները փաստացի փորձել են ներքաշել խարդախությունների մեջ, իսկ Նիդերլանդների դեպքում 8 հոգու վիզան ստացվել է 3 օրում:

Մանրամասները՝ ArmLur.am կայքի տեսանյութում

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՐԱՐԱՏՈՒՄ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 22։38-ին, «Վեդի» հիվանդանոցում գոտկային շրջանի կտրած-ծակած ու կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Ա. Գ.-ն եւ Է. Հ.-ն։

 

Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։20-ին, Վեդի քաղաքի ավտոկայանում Է. Հ.-ն, Ա.Գ.-ն, Ա.Գ.-ն եւ անչափահաս 16-ամյա Է. Ե.-ն «աղջկա հարցի» առիթով վիճաբանել են 16 տարեկան անչափահաս Ա. Ա.-ի, 12 տարեկան անչափահաս Վ. Ղ.-ի հետ, որի ժամանակ Ա. Ա.-ն  կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Է. Հ.-ին եւ Ա. Գ.-ին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ա. Ա.-ին եւ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս