Գյումրին հայ իրականության ամենահետաքրքիր քաղաքներից մեկն է, որը ոչ միայն պահպանել է իր դիմագիծը, այլ, հակառակ փորձություններին ու արհավիրքներին, անդադար վերականգնում է պատմական իր դեմքն ու շունչը:
Այն այսօր Հայաստանի երկրորդ քաղաքն է՝ հաջորդելով մայրաքաղաք Երեւանին:
Երբեմնի Ալեքսանդրապոլն այսօր լի է գեղեցիկ վայրերով, պատմամշակութային հուշարձաններով, ժամանցի վայրերով եւ թանգարաններով, հայտնի՝ Չերքեզի Ձորով, Կարմիր Բերդով եւ Ձիթողցյանների առանձնատնով, ինչպես նաեւ մշակույթի, արվեստի եւ արհեստի ու սպորտի ոլորտներում հայտնի մեծ անուններով:
Սակայն Գյումրին իր բոլոր հանճարներից եւ պատմամշակութային վայրերից զատ հիշվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերից: Հենց այս ֆիլմերում է ամենավառը երեւում Գյումրու շունչն ու հոգին: Հենց այս ֆիլմերի ստեղծման ընթացքում նկարահանման հրապարակ դարձած բակերը, փողոցներն ու շենքերն են այսօր ամենաշատը «կանչում» Գյումրի:
Այստեղ ամենահայտնի պատշգամբներից մեկը Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմի պատշգամբն է: Այն այսօր զարդարում է ֆիլմի հերոսների պատկերներով մի պաստառ: Եռանկյոնւի պատշգամբն էլ հենց հրավիրում է Գյումի՝ այն տեսնելու եւ քաղաքի անցյալի եւ մշակութային կյանքի մասը դառնալու:
Ֆիլմը կյանքի եւ ընկերության պատմություն է 5 դարբնի միջեւ, պատերազմի ժամանակ, պատմված դարբիններից մեկի որդու շուրթերով: Եռանկյունաձեւ պատշգամբում մարդիկ աշխատում են, երազում, սիրում, հիշում իրենց կորուստները եւ սրբորեն պահպանում «համայնքի բարոյական ավանդները»:
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1967 թվականի հենց այս օրը: 1968 թվականին ֆիլմն արժանացել է Անդրկովկասի Ուկրաինայի կինոփառատոնի «Պրոմեթեւս» գլխավոր մրցանակին, նույն թվականին Լենինգրադում կայացած Համամիութենական փառատոնի արդիական թեմայի լավագույն մարմնավորման համար մրցանակին: Ա. Այվազյազնին, Հ. Մալյանին, Ի. Իսրաելյանին, Ա. Ջիգարխանյանին, Ս. Սարգսյանին եւ Մ. Մկրտչյանին 1975 թվականին շնորհվել է ՀՍՍՀ Պետական մրցանակ` «Եռանկյունին» ֆիլմի ստեղծման համար:
Գյումրու մասին ամենաշատը պատմող ու քաղաքի մշակույթը ներկայացնող ամենալավ ֆիլմերից մեկը Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմն է, որը ոչ միայն քաղաքի այցեքարտն է, այլեւ Մհեր Մկրտչյան դերասանի «դեմքն» ու կյանքի լավագույն աշխատանքներից մեկը:
Ֆիլմում, որը էկրաններ է բարձրացել 1984 թվականին, երեք երեխաների մայրը, որը միայնակ է մեծացրել երեխաներին, փորձում է վերադարձնել ամուսնուն, ով պատերազմից հետո կյանքը կապել է այլ կնոջ հետ:
Ֆիլմը ոչ միայն Մհեր Մկրտչյանի եւ եղբոր՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մասին է, այլ նաեւ գլխավոր հերոսուհուն մարմնավորող Գալյա Նովենցի մասնագիտական կյանքում մեծ հետք է թողել:
Գյումրու կյանքի եւ մարդկանց բնորոշ վարքագծի մասին ամենալավը պատմում է «Հին օրերի երգը» ֆիլմը, որը նույնպես Ալբերտ Մկրչյանի հեղինակային աշխատանքն է: Այն լավագույնս պատմում է պատերազմի հետեւանքով մարդկանց կրած կորստի ու ցավի մասին: Գլխավոր հերոս փոստատար Նիկոլին մարմնավորում է Մհեր Մկրտչյանը: Նա ամբողջ ընթացքում տանջվում է, որ ողջ է վերադարձել պատերազմից եւ չի կարողանում ամեն անգամ սեւ թուղթ բերել որդեկորույս մայրերին՝ մինչեւ մի օր ուտում է Հայաստան մայրիկին իր որդու մահվան բոթը հայտնող թուղթը:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԻՆՍՏԱԼԱՑԻԱ-ՊԵՐՖՈՐՄԱՆՍ «ՔՈՉԱՐ 360Օ»
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասահում նոյեմբերի 6-ին եւ 7-ին կներկայացվի «ՔՈՉԱՐ 360Օ» ինստալացիա-պերֆորմանսը:
Այն իրականացրել է «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ:
«ՔՈՉԱՐ 360օ» բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։
Այն ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի եւ ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։ Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երեւանում 2024 թվականի մարտին։
«ՔՈՉԱՐ 360օ» նախագծի իրականացնողներն են՝
. Գաղափարի եւ դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան
. Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի
. Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան
. Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն
. Վիդեո – մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան
. Հագուստների ձեւավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան
. Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան
. Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան
ՀՀ ԿԳՄՍՆ
Հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության վարչություն