ՀՀ գլխավոր դատախազությունն ուղիներ է որոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կոռուպցիոն գործից «մաքրելու» համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ հետեւյալ հարցադրումներով.
– ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու գործով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մեղադրանք է առաջադրված քաղաքացի Աշոտի նկատմամբ: Ինչո՞ւ է մինչ օրս ենթադրյալ կաշառք վերցնողը՝ Հովիկ Աղազարյանը, որպես վկա ներգրավված գործում:
– Ե՞րբ եք պատրաստվում ՀՀ Ազգային ժողով մտնել՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելու հարցով:
– Եթե գործը վերոնշյալ ելքը չի ունենալու, ապա կա՞ն արդյոք նախադրյալներ, իրավական հիմնավորումներ՝ Աղազարյանի վերաբերյալ գործը կարճելու համար:
Այս պարզ, տրամաբանական հարցադրումներին պատասխանելու համար ՀՀ Գլխավոր դատախազությունը 30 օր ժամանակ է խնդրել:
Ի՞նչ պետք է տեղի ունենա 30 օրում:
ՔՊ-ն 2026 թվականի ընտրություններից առաջ նոր փոփոխություններ է կատարում ՀՀ ընտրական օրենսգրքում՝ ապահովագրելով իրեն հետագա խնդիրներից։ Այսպիսով՝ ԸՕ նոր փոփոխություններով իշխանությունները հնարավորություն են ստեղծում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու միջոցով չեղարկելու ընտրության արդյունքները եւ նոր ընտրություն նշանակելու քվեարկության նախնական արդյունքների պահին, եթե ստացված արդյունքներն իրենց «սրտով» չլինեն։ Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում է. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչեւ համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը, ավագանու ձեւավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»։ Այսինքն՝ ստացվում է, կարող են ընտրություններն անցկացվել, հետո եթե դրա արդյունքները գոհացուցիչ չլինեն, դրանք կչեղարկվեն եւ նոր ընտրություններ կանցկացվեն։ ՔՊ-ականները տարբեր մեթոդներով երաշխիքներ են ստեղծում իրենց հետագա վերարտադրման համար ու նախապես ապահովագրում են իրենք իրենց, որպեսզի եթե ընտրությունների արդյունքներն իրենց ուզածով չլինեն, ապա չհրապարակվեն: Շատ «ժողովրդավար» մոտեցում է:
Ո՞վ է դատախազությունում Սրբուհի Գալյանից հետո ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը: «Ժողովուրդ» օրաթերթը, ՀՀ Գլխավոր դատախազությունում տարածված տեղեկությունները ի մի բերելով, պարզեց, որ հավանական թեկնածուի անունը արդեն կա: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին իշխող ուժը արդարադատության նախարարի մեկ ամսվա փնտրտուքներից հետո ի վերջո կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածության վրա. «Քաղաքացիական պայմանագրի» վարչության՝ հոկտեմբերի 29-ի նիստում Գալյանի թեկնածությունը հաստատվել էր, եւ նա նոյեմբերի 5-ին նշանակվեց նախարար: Գալյանի հեռանալուց հետո Գլխավոր դատախազությունում «առեղծվածային» ազատում եղավ. մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արեւիկ Ավոյանն ազատվեց պաշտոնից։ Հրամանը նոյեմբերի 4-ին ստորագրել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ավոյանն ավելի վաղ զբաղեցրել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ նրա ազատումը պատահական չի եղել: Գլխավոր դատախազի նախկին օգնականը ցանկություն է հայտնել առաջադրել իր թեկնածությունը ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը համակարգելու: Հավանաբար հենց նա էլ կընտրվի:
COP29-ին ընդառաջ հայ գերիների վերադարձը սպասված, գուցե նաեւ բաղձալի է, սակայն նրանց հետ Հայաստան չեն վերադառնալու ռազմաքաղաքական գերիները։ Ռազմաքաղաքական գերիները՝ Արցախի Հանրապետության ութ պաշտոնյաները՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, հրաժարվել են անգամ իրավաբանի կամ փաստաբանի ծառայություններից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը միակն է Ռուբեն Վարդանյանից հետո, ով ունի միջազգային փաստաբան։ Դավիթ Բաբայանի փաստաբանը ամերիկաբնակ հայ Ջաք Հակոբ Բուռնազյանն է։ Իսկ Ռուբեն Վարդանյանը ունի միջազգային հանրության մեծ աջակցությունը, սակայն այդ աջակցությունը, կարծես, մինչ այս պահը որեւէ հաջողության չի հանգեցրել։
Նշենք, որ ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, որ խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլեւս չանել եւ հորդորել են մոռանալ իրենց գոյության մասին։
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Բաքվում անմարդկային պայմաններում պահվող գերիներին, նրանց կտտանքների ենթարկելու դեպքերին։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ադրբեջանի բանտում ապօրինի կերպով պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր էին ներկայացրել Բաքվում՝ նշելով, որ Վարդանյանը խոշտանգումների է ենթարկվել եւ զրկվել է արագ դատաքննության իրավունքից, հաղորդում է Reuters-ը։
Վարդանյանի փաստաբաններն ընդգծել են, որ հայցին առնչվող դեպքերից մեկը 2024 թվականի ապրիլին Վարդանյանի հացադուլի ժամանակ տեղի ունեցած խոշտանգումներն են։ Նրանք հայտարարել են, որ սրան ի պատասխան՝ Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել եւ երկու օր զրկել են ջրից։
Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները նշել են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցյալ տարվանից՝ նրա կալանավորման պատճառով։
Առանձին հայցով մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին, որը զրպարտություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։
Իրենց հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները նաեւ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել երկրում պահվող բոլոր ղարաբաղցի հայ գերիներին մինչեւ COP29-ի գագաթնաժողովի մեկնարկը։