«ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ 100 ԴՐԱՄ». ՄԱՐՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է ստորագրահավաքը՝ ընդդեմ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տրանսպորտի թանկացման նախագծի:

 

Երեկ ստորագրահավաքը իրականացվել է Հանրապետության հրապարակում:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Նա հայտարարել է, որ 2 օրվա ընթացքում 6 895 ստորագրություն է հավաքել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ:

Նա հայտարարել է, որ իր առաջնորդած «Նոր ուժ» կուսակցության անդամները կշրջեն Երեւանում, որպեսզի անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքեն՝ չեղարկելու տրանսպորտի թանկացման նախագիծը:

-Պարո՛ն Մարության, այսօր արդեն ստորագրահավաքի երրորդ օրն է, ի՞նչ արդյունքներ եք գրանցել, եւ քանի՞ ստորագրություն է հավաքվել. որքա՞ն ստորագրություն պետք է հավաքվի, որպեսզի նախագիծը ներկայացնեք ավագանի:

-Ճիշտ եք, այսօր երրորդ օրն է, եւ առաջին երկու օրերի ընթացքում հավաքվել է գրեթե 6 800-ի հասնող ստորագրություն:  Արդյունքները դրական են, ընթացքում էլ մարդիկ բավականին ակտիվորեն մասնակցում են, քանի որ սա նրանց առօրյա կյանքի մասին է: Այս իրավիճակն իրենց խանգարելու է գնալ աշխատանքի, վերադառնալ տուն, երեխաներին դպրոց ճանապարհել եւ այլն:

-Առավելագույնը որքա՞ն ստորագրություն պետք է հավաքվի:

-Առավելագույնի սահման չկա: Եթե հնարավոր լիներ բոլորին հասնել, ապա հարյուր հազարավոր ստորագրություններ կհավաքվեին, որովհետեւ մարդկանց 95 տոկոսը, բնականաբար, դեմ են այս նախաձեռնությանը:

-Պարո՛ն Մարության, քաղաքային իշխանությունները Ձեր այս նախաձեռնությունը պոպուլիստական են համարում: Հենց Տիգրան Ավինյանը նշել է, որ Ձեր քաղաքապետ աշխատելու տարիներին, հենց Դուք եք ձեռք բերել անսարք «Գազել»-ներ, աղբահանությունը խայտառակ վիճակում է եղել, եւ հիմա Ձեր այս գործողությունները պարզապես պոպուլիզմ են: Ըստ Ձեզ, ինչո՞ւ են ստորագրահավաքն այդպես որակում:

-Յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ ինքն է ցանկանում: Ասելուն սահմանափակում չկա. կարեւորն այն է, թե ինչ է կատարվում, եւ ով ինչ է անում: Բնականաբար, երթուղայինների վճարը պետք է լինի 100 դրամ: Այս ռեֆորմը իմ քաղաքապետ եղած տարիներին է սկսվել: Մենք ենք բերել առաջին ավտոբուսները՝ թե՛ «Ժոնգ-թոնգ»-ները 8.6 մետրանոց, թե՛ «Ման»-երը: Իմ օրոք են բոլոր այդ  պայմանագրերը կնքվել:

-Բայց ասում են նաեւ՝ «Գազել»-ներ եք ձեռք բերել:

-Եթե խոսքը 6.6 մետր երկարությամբ «Գազել» ավտոբուսների մասին է, ապա, այո,՛ դա իմ քաղաքապետ լինելու ժամանակ է ձեռք բերվել, եւ դրանք շատ լավ աշխատում են: Ավագանու անդամներից մեկը՝ մեր խմբակցության ավագանու անդամ Հովսեփ Կուբաթյանը, նախորդ օրը հստակ թվերով գրել էր, թե «Գազ» գործարանի արտադրության մեքենաների եւ «Ման»-երի քանի տոկոսը միաժամանակ «դուրս չէին եկել աշխատանքի»: Տոկոսը նույնն էր՝ 10-ի շուրջ, ինչը նշանակում է, որ «Գազել»-ները իրենց գերխնդիրը կատարել են՝ լինելով անհամեմատ ավելի մատչելի:

Այն ժամանակ, երբ տրանսպորտի ճգնաժամ էր, կառավարությունը մերժեց օգտակար լինել եւ նշեց, որ համայնքը պետք է շարժվի իր ֆինանսի չափով: Եթե այդ պահին քաղաքապետարանը ունենար «Ման»-երի համար նախատեսված գումարը, ապա առաջինը դրանք կգներ. յուրաքանչյուրն արժե 250 հազար դոլար, որոնց գումարը վճարել է Կառավարությունը, ոչ թե քաղաքային իշխանությունը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

Ե՞ՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԿՄՏՆԻ. GALLUP

GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է հերթական հետազոտության տվյալները։

Հետազոտությունը կոչվում է «Արա չի՛, Արքա ա»։

Հարկ է նշել, որ հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն:

Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից: Հեռախոսային հարցումների արդյունքում հարցումը կազմվել է 1100 պատասխանի հիման վրա։

Քաղաքացիներից հարցրել են, թե ի՞նչ եք կարծում, Հայաստանն Ուկրաինայից եւ Մոլդովայից ավելի շուտ Եվրամիությանն անդամակցելու շանսեր ունի՞ արդյոք։

Հարցված քաղաքացիների 52%-ը կտրուկ ոչ է պատասխանել այս երեւույթին, 15%-ը կարծում է, որ Հայաստանն ավելի շուտ կմտնի Եվրամիություն, քան Ուկրաինան կամ Մոլդովան, 13%-ն էլ չգիտի կամ դժվարանում է պատասխանել։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս