ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ Ա.Բ.-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

 

2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ, ով նույն օրը՝ ժամը 18:25-ին, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից ձեռնարկված քննչական եւ վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր նույն գյուղի բնակիչներ են:

Քննչական խմբի քննիչների կողմից իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում համագյուղացիների միջեւ անձնական հարցի շուրջ ձեւավորվել են անբարյացակամ հարաբերություններ:

Քննությամբ փաստվել է, որ տուժողի համագյուղացի, 43-ամյա անձը տեղեկացել է, որ տուժողը եւ վերջինիս որդիներից մեկը վիճաբանել են,  իր  որդուն հարվածել են վեճի ժամանակ: Նպատակ ունենալով վրեժխնդիր լինել՝ նա որոշել է ապօրինաբար կյանքից զրկելու եղանակով հաշվեհարդար տեսնել Ա.Բ.-ից եւ նրա որդիներից:

Այդ նպատակով, 43-ամյա անձը իր մոտ ապօրինի պահվող հրազենով նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, ընկերոջ հետ նստել է իրեն պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, իսկ ընկերն ավտոմեքենան վարել է գյուղի կենտրոնական փողոցով: Բանուկ հատվածում նկատելով տուժողի որդիներից մեկի՝ հանդիպակաց գոտով երթեւեկող ավտոմեքենան, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, անտեսելով շրջակայքում բնակելի տների առկայության հանգամանքը 43-ամյա անձը ընթացքի ժամանակ, ավտոմեքենայի սրահից հրազենով շուրջ հինգ կրակոց է արձակել տուժողի որդու ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն կրակոցները չեն դիպել նշանակետին, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել:

Այնուամենայնիվ, նպատակադրվելով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել՝ նա վերոհիշյալ ընկերոջ հետ շարունակել է երթեւեկությունը, ավտոմեքենան կայանել Ամբերդի միջնակարգ դպրոցի դիմաց։ Այնտեղ նկատելով դեպի իր ուղղությամբ երթեւեկող Ա.Բ.-ի կողմից վարվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան, վերստին հաշվի չառնելով շրջակայքում ուսումնական հաստատության եւ բնակելի տների առկայությունը՝ դպրոցի եւ տների միջնամասում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով նույն հրազենով շուրջ յոթ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումներ:

Այդ ընթացքում ընկերը, շարունակելով օժանդակել 43-ամյա անձին, ավտոմեքենան վարել ու կայանել է մոտակայքում՝ դպրոցի դիմաց, եւ սպասել ընկերոջը՝ վերջինիս հանցավոր մտադրությունն իրագործելուց անմիջապես հետո դեպքի վայրից նրա փախուստն անխոչընդոտ իրականացնելու նպատակով:

Դեպքից անմիջապես հետո 43-ամյա անձը, նստելով իրեն պատկանող, սակայն ընկերոջ կողմից վարվող ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ ավտոմեքենան, թաքցնելու նպատակով, տեղափոխել, կայանել են Արմավիրի մարզում գտնվող ոռոգման ջրի ջրատարի հարակից դաշտում եւ դիմել են փախուստի։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ նրա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Վերջիններիս մասով նախաքննություն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ապօրինի զենքի եւ դրա ձեռքբերման մասով նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե

 

 

ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ

 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երեւանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք եւ տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։

 

Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու հետը եկած անձինք ծեծի են ենթարկել նրան, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ եւ հեռացել։

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 40-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ավազակության հատկանիշներով: 40-ամյա տղամարդուն առաջադրվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։ Պարզվել է նաեւ մյուս մասնակիցների ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս