ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բանկային համակարգում նկատվում են դրական փոփոխույուններ։ Այս մասին «Տարածաշրջանային մարտահրավերները եւ համագործակցության հնարավորությունները եվրոպական բանկերի հետ» թեմայով համաժողովում նոյեմբերի 7-ին ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

 

Նրա գնահատմամբ՝ ֆինանսական կայունության մասով վերջին տարիների ընթացքում հաջողվել է բարելավել բանկային համակարգի դիմադրողականությունը։ Նա նշել է, որ ԿԲ քաղաքականությունն ուղղված է եղել անցած տարիների հաջողությունների ամրապնդմանը եւ ամրության պաշարի ձեւավորմանը ապագայի մարտահրավերների հաղթահարման համար։ «Շահույթի մի մասը ուղղվել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի ձեւավորմանը, որը, ըստ վերջին որոշման, բարձրացվել է մինչեւ 1,75 տոկոս։ Այսօրվա դրությամբ վարկային պորտֆելի չափը աճում է, ինչին նպաստում են տնային տնտեսությունների եւ շինարարական հատվածի վարկավորան բարձր ցուցանիշները»,- նշել է Գալստյանը։ Նա ավելացրել է, որ բանկային համակարգում նկատվում է լիկվիդայնության մակարդակի բարձր աճ, ինչն ապահովում է դիմադրողականության բարձր մակարդակ։

ԿԲ նախագահը հավաստիացրել է, որ ՀՀ բանկային համակարգում տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ, դա հատկապես վերաբերում է ռիսկերի կառավարմանը եւ ֆունցկիայի համապատասխանությանը։ Նրա գնահատմամբ՝ ներկա պահին դա բանկերի ամենակարեւոր գործառույթներից մեկն է։ «Երեք տարվա ընթացքում աշխատակիցների թիվը ավելացել է մոտ երկու անգամ։ ԿԲ-ն, իր հերթին, լուրջ ուշադրություն է հատկացնում ռիսկերի կառավարման բարձր մակարդակին եւ կոմերցիոն բանկերի համապատասխանությանը, քանի որ դա կարեւոր է երկիր անխափան ֆինանսական հոսքերի համար։ Մենք կարեւորում ենք նաեւ բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարումը (ESG) եւ պատրաստվում ենք ստեղծել խաղի հստակ կանոնների ձեւավորման պայմաններ եւ պահանջներ ֆինանսական հատվածի համար»,- ընդգծել է նա։

Գալստյանը տեղեկացրել է, որ ԿԲ-ն շուտով կհրապարակի վերանայված ռազմավարությունը, որում կարեւոր դեր է հատկացված բնապահպանական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարմանը։ «Բացի այդ, մենք կարեւորում ենք բանկերի կորպորատիվ կառավարման չափորոշիչների բարձրացումը, ինչը բանկային համակարգի կայունության եւ մրցունակության երաշխիքներից մեկն է երկարաժամկետ հեռանկարում»,- նշել է նա։

Գալստյանը նաեւ հայտնել է, որ մարտահրավերներն արագ փոխվող աշխարհում, հատկապես Հարավային Կովկասում, տարատեսակ են, եւ դրանք շատ արագ փոփոխվում են, ինչը պահանջում է ժամանակին տրվող արձագանք։ «Այդ արձագանքը հասկանալի կլինի, եթե մարդիկ վստահեն մեզ։ Վստահությունը մեր արժեքավոր ակտիվներից է, եւ մենք Կենտրոնական բանկում ձգտում ենք ամրապնդել այդ վստահությունը»,- նշել է ԿԲ նախագահը։

Է. Մ.

 




Լրահոս