ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ ԳՐՈՂՆ ՈՒ ՓԻԼԻՍՈՓԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ մտքեր կարտահայտեր կամ ի՞նչ որակումներ կտար ֆրանսիացի փիլիսոփա, գրող եւ լրագրող Ալբեր Կամյուն, եթե ապրեր այս խառնիճաղանջ օրերում։ Պատասխանն իհարկե հստակ տալ չենք կարող, սակայն վստահաբար կարող ենք ենթադրել, որ նոր փիլիսոփայական ուղղություն կստեղծվեր։

 

Նոյեմբերի 7 -ը Կամյուի ծննդյան օրն էր։

Ալբեր Կամյուի ստեղծագործությունները հզոր եւ ներթափանցող են, նրանք հաճախ խորանում են մարդկային գոյության եւ աշխարհի իմաստի էության ոլորաններ։ Նրա «Օտարը», «Ժանտախտը»,  «Սիզիփոսի առասպելը» գրքերը ներկայացնում են հաճախ թվացող այն գաղափարը, որ կյանքը չունի հասանելի իմաստ, իսկ մարդը ստիպված է ինքնուրույն որոնել կամ ստեղծել այն սեփական կյանքում։

Կամյուն մեծ առաջնորդը եղավ առանձնահատուկ փիլիսոփայության, որը կոչվում է աբսուրդիզմ, եւ որի կենտրոնում է այն հարցը, թե ինչպես մարդն ապրի իմաստազուրկ աշխարհում։ Նրա կերպարները հաճախ ստիպված են ընդունել կյանքի անհամապատասխանությունները եւ ընտրել ապրելը՝ առանց ապավինելու կրոնական կամ բարոյական «անբեկանելի չափանիշներին»։ Կամյուի ստեղծագործությունների մեջ մարդկային ինքնաճանաչումը դառնում է պայքարի միջոց, իսկ ազատությունը եւ անհատականությունը՝ գոյության գլխավոր արժանիքները։

Կամյուի ստեղծագործությունները ոչ միայն ընդվզում են մեր օրերի կյանքի մասին, այլեւ կոչ՝ ըմբռնելու աշխարհի դաժանությունը եւ պայքարելու մեր ներսի ազատության համար։ Դրանք բաց են թողնում ընթերցողին մտածելու կյանքի մեծ հարցերի շուրջ՝ առանց վերջնական պատասխաններ տալու։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է գրողի ամենատպավորիչ մտքերն ու նրա կյանքի ուշարժան դրվագներից։

Ալբեր Կամյուի կյանքի հետաքրքիր դեպքերից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆրանսիական դիմադրության շարժման մեջ գրողի  դերակատարության հետ է առնչվում: Կամյուն պատերազմի ժամանակ աշխատում էր որպես լրագրող, սակայն երբ նացիստական ուժերը գրավեցին Ֆրանսիան, նա միացավ դիմադրության շարժմանը։ Դառնալով շարժման «Կոմբա» (Combat) անունով ընդհատակյա թերթի գլխավոր խմբագիրը՝ Կամյուն, կյանքը վտանգելու գնով, հրատարակում էր հոդվածներ, որոնք համարձակորեն քննադատում էին գերմանական օկուպացիան եւ կոչ էին անում դիմադրելու։

Կամյուի այս ժամանակաշրջանի աշխատանքը ոչ միայն գրական նշանակություն ունեցավ, այլեւ դարձավ նրա գաղափարների փորձաքարը։ Նա պայքարեց ազատության, արդարության եւ մարդասիրության համար, ինչը հետագայում արտահայտվեց նրա փիլիսոփայական գրքերում։ Հետաքրքրական է, որ նրա ստեղծագործությունները եւ հատկապես «Կոմբա»-ի հոդվածները բավականին մեծ ազդեցություն ունեցան ֆրանսիական հասարակական կարծիքի վրա՝ ոգեշնչելով  մարդկանց մասնակցելու ազատագրական պայքարին։

Պատերազմից հետո Կամյուն շարունակում էր խոսել կյանքի արժեքի, արդարության ու ազատության մասին, ինչը նաեւ արտացոլվեց նրա հետպատերազմյան գրքերում։ Այս տարիները Կամյուի կյանքում դարձան արժեքների եւ հավատամքների ձեւավորման կարեւոր շրջան, որը մեծ ազդեցություն ունեցավ նրա հետագա ստեղծագործական ուղու վրա։

Ներկայացնում ենք նաեւ գրողի հայտնի ու հատու մտքերը, որոնք մեծ ազդեցություն են թողել եւ թողնում շատերի աշխարհայացքի վրա: Ալբեր Կամյուի ձեւակերպումները կարող են յուրահատուկ բալասան դառնալկյանքի ամենատարբեր իրավիճակներում, երբ թվում է, թե անելանելիությունից ելքեր չկան։

  1. Մարդկային սիրտն անհեթեթ սովորություն ունի` ճակատագիր անվանելու միայն այն, ինչը կործանում է իրեն:
  2. Դուք երբեք երջանիկ չեք լինի, եթե շարունակեք փնտրել, թե ինչ է երջանկությունը: Եվ դուք երբեք չեք ապրի, եթե շարունակեք փնտրել կյանքի իմաստը:
  3. Երիտասարդ ժամանակ ես մարդկանցից պահանջում էի ավելին, քան նրանք կարող էին ինձ տալ` անդավաճան ընկերություն, հավատարիմ զգացմունքներ: Հիմա սովորել եմ նրանցից պահանջել ավելի քիչ, քան նրանք կարող են տալ` լինել կողքիս ու լռել: Եվ նրանց զգացմունքներին, ընկերությանը, շնորհակալ արարքներին ես միշտ նայում եմ որպես մի իսկական հրաշքի, որպես Աստծո պարգեւի:
  4. Անխուսափելի է միայն մեկ բան` մահը, մնացած ամեն ինչից կարելի է խուսափել: Այն ժամանակահատվածում, որն ընկած է մեր ծննդյան եւ մահվան միջեւ, ոչինչ կանխորոշված չէ. ամեն ինչ կարելի է փոխել, կարելի է նույնիսկ դադարեցնել պատերազմները եւ ապրել խաղաղության մեջ, միայն թե ցանկանալ այնպես, ինչպես հարկն է` բավականաչափ ուժեղ եւ երկար:
  5. Սիզիփոսը, վերադառնալով դեպի իր քարը, տարվում է ճակատագիր դարձած անկապ դեպքերի հաջորդականությամբ, որ ինքն է ստեղծել, ի մի բերել հիշողությամբ, ամրապնդել մոտակա մահով։ Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ ունի իր ժայռը։ Բայց Սիզիփոսը սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածներին ու ժայռեր է բարձրացնում….

Ահա այսպես անզուգական ներաշխարհով Կամյուն մինչ օրս էլ կարողանում է փոթորկել ընթերցողի հոգին, օգնում է ընդունել նրա ներսի ու դրսի «մարդուն» այնպես, ինչպես կա՝ այդպիսով ապրելով նաեւ ամեն ընթերցողի սրտում որպեսմի  անջնջելի «Ընդվզող մարդ»։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 




Լրահոս