«Բնապահպանության նախարարը նոր բան չի ասել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ Ժամկետանց ջրօգտագործման թույլտվության հայտերի գնահատման հիմնական պայման է հանդիսանալու ձկնաբուծական տնտեսություններում ջրօգտագործման ծավալը մինչև 1/3 չափի հասցնելը, որի համար ջրօգտագործողները պետք է ներդնեն ջրամատակարարման փակ կամ կիսափակ շրջանառու համակարգ, ինչպես նաև` ջրօգտագործման ավտոմատ կառավարման արդի սարքավորումներ:

Բնապահպան Ինգա Զարաֆյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց` սա ինչ-որ կերպ Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հարցը կլուծի:

Ինգա Զարաֆյանն ասաց, որ  Արամ Հարությունյանը որևէ նոր բան չի ասել. ըստ էության, նա կրկնել է կառավարության որոշումը: Բնապահպանության նախարարը ոչ մի նոր բան չի ասել:

Տիկին Զարաֆյանն ասաց, որ ինքը մի խումբ մասնագետների հետ Արմավիրի մարզում է, որտեղ փորձում են հասկանալ` ինչ իրավիճակ է:

Բնապահպանի խոսքով` խնդրին առնչվող բոլոր հայտարարությունները դեկլարատիվ բնույթի են, քանի որ հիմնականում փակվում են այն հորանցքները, որտեղից քիչ ջուր է հնարավոր վերցնել, կամ չեն գործում: Հիմնական հորերը ստանում են 150-200 լիտր ջուր վայրկյանում, իսկ դա ջրի մեծ ծավալ է: «Արմավիրի և Արարատի մարզերում այս առումով կատաստրոֆիկ իրավիճակ է»,- ասաց բնապահպանը` հավելելով, որ  վերջնական պատասխան իրենց կողմից կտրվի ուսումնասիրություններից հետո:




Լրահոս