Ակնհայտ է, որ վերջին շրջանում Հայաստանն էլ ավելի մեծ կախման մեջ է Ռուսաստանից:
Հայաստանը փաստացի դարձել է հետխորհրդային տարածքում միակ երկիրը, որն անվերապահորեն աջակցում է ՌԴ-ին:
Պաշտոնական Երևանն ինքն է պատասխանատվություն վերցրել ստորագրելու Եվրասիական միության մասին պայմանագիրը, սակայն նույն պաշտոնական Երևանի դիրքորոշումները մանրամասն հիմնավորված չեն:
Armlur.am լրատվականի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Էդգար Վարդանյանը ՝ մեկնաբանելով Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովի այն հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2014-ի մայիսին ՝ Աստանայում:
«Պաշտոնական Երևանը չի բերում բավարար չափով փաստարկներ, թե ինչու Հայաստանը պետք է դառնա Եվրասիական միության հիմնադիր անդամ: Իսկ ընդհանարպես, ակնհայտ է, որ վերջին շրջանում Հայաստանն էլ ավելի մեծ կախման մեջ է Ռուսաստանից: Հայաստանը փաստացի դարձել է հետխորհրդային տարածքում միակ երկիրը, որն անվերապահորեն աջակցում է ՌԴ-ին:
Նույնիսկ Բելոռուսը ուկրաինական խնդրում պաշտոնական Մոսկվայի տեսակետից տարբերվող դիրքորոշում հայտնեց: Այդ երկրի նախագահ Լուկաշենկոն հանդիպեց Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ ՝ Յանուկովիչին չընդունելով որպես այդ երկրի լեգիտիմ նախագահ:
Այս ամենը թույլ է տալիս պնդել, որ Հայաստանը միակն է, որ չի հակադրվում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը»,- ասաց Էդգար Վարդանյանը ՝ հավելելով, որ Եվրասիակական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո առավել մեծ կախման մեջ է ընկնելու Ռուսաստանից:
Վերլուծաբանի խոսքով, Հայաստանն ըստ էության, կանգնած է ինքնիշխանության կորստի վտանգի առաջ:
«Եթե անգամ տնտեսական մի քանի առումներով Եվրասիական միությունը առավելություններ նշի, սակայն ինքնիշխանության կորուստի վտանգը շատ ավելի լուրջ է, քան տնտեսական մի քանի օգուտները»,- նշեց նա:
Ամփոփելով ՝ Էդգար Վարդանյանը շեշտեց, որ հայաստանյան հանրությունը իշխանություններից պետք է պահանջի բացատրություններ տալ ՝ ինչո՞ւ է Հայաստանը վերջին շրջանում առավել մեծ կախվածության մեջ ընկնում Ռուսաստանից:
«Եթե Եվրասիական միությունը հավասարների միություն է, ինչո՞ւ օրինակ Ռուսաստանն էլ Հայաստանից կախման մեջ չէ»,- կես կատակ-կես լուրջ ասաց փորձագետը:
Հիշեցնենք ՝ Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել 2014-ի մայիսին ՝ Աստանայում:
«Մենք պատրաստվում ենք Եվրասիական միության մասին պայմանագրի ստորագրմանը: Այս ամսվա վերջին Մինսկում սպասվում է շատ կարևոր հանդիպում, մայիսի վերջին սպասվում է «եռյակի» գագաթնաժողովն Աստանայում, որտեղ մտադիր ենք ավարտել այդ փաստաթղթի վրա պաշտոնական աշխատանքը»,- ասել է նա:
Անի Ղազարյան