Ով է ՍԱՏՄ նոր ղեկավարը. ինչ պաշտոն և ունեցվածք է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմեն Դանիելյանը, ազատվելով վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից, նշանակվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

Դանիելյանը կառավարությունում համարվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի «կադրը»:

«Փաստը» գրել էր, որ Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավար դառնալու ցանկություն է ունեցել դեռևս 2022 թվականին, երբ ակտիվորեն աշխատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի դեմ, սակայն Նիկոլ Փաշինյանը նրա թեկնածությունը չի հաստատել: Այժմ արդեն, կարծես, իրավիճակ է փոխվել…

Արմեն Դանիելյանը եղել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ դեռ հեղափոխությունից հետո։

2024 թվականի տարեսկզբին Դանիելյանը կատարում էր սպանդանոցային ապահովման աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները։
Դեռ այս ոլորտն ամողջովին չհամակարգած Արմեն Դանիելյանը դարձավ ՍԱՏՄ ղեկավար։

Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի՝ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը նախկին պաշտոնում հայտարարագրել է մեկ անշարժ գույք, որը ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում։

Տրանսպորտային որևէ միջոց Դանիելյանը չի հայտարարագրել։

Արմեն Դանիելյանը 2023 թվականի հայտարարագրի համաձայն վարչապետի աշխատակազմից ստացել է 11 մլն 611 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։

Դանիելյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 600 հազար դրամ։

Դանիելյանի կողմից շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը կազմել է 4 մլն 800 հազար դրամ։

Էմմա Միքայելյան




Լրահոս