Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից՝ հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության տեքստում որևէ դրույթ Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի պարունակվում։
Պետք է հիշել նաև, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև գոյություն ունի, ըստ ընդունող սուբյեկտների, հստակ աստիճանակարգային տարբերություն։ Եթե Անկախության հռչակագիրը ընդունվել է հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի՝ որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահմանադրությունն ընդունվել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից։ Սա՝ առաջին փաստարկը։
Երկրորդը․ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին, որը իր հերթին հղում է կատարում 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության անկախության հռչակագրին: Ադրբեջանի առաջին Հանրապետության հռչակագիրը իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը: 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի տարածքները մասամբ: Եթե ընդհանուր առմամբ վերցնենք, ապա դա Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60%-ն է:
Այս հղումներից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ՀՀ-ն, սակայն, Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով։ Առաջինը՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, և երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է, որ կողմերը չեն կարող խաղ անել իրենց ներքին օրենսդրությանը արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել։
ՀՀ օրենսդրության համաձայն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի խորհրդանիշ: Սա պարտադիր պայման է: Դրանից առաջ կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի՝ ինչը սեպտեմբերի 26-ի որոշումից հետո իհարկե քիչ հավանական է, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, Հայաստանը կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ։ Մենք ընտրություն պետք է ունենանք. ստորագրել ենք խաղաղության պայմանագիր, Սահմանադրական դատարանը եթե ասի՝ չի համապատասխանում, էդ արդեն քաղաքական ընտրության հարց է։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Ազգային ժողովի կողմից։
Սրանից էլ բխում է հետևյալը. ըստ գործող սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը։ Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավաբանական ակտերի նկատմամբ, ինչը տրամաբանորեն հայելային վերաբերում է նաև Ադրբեջանին։ Սա է պատճառը, որ մենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ սահմանադրության փոփոխության կարիք, այս համատեքստում, չկա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։