Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամը համարում է քաղաքական անպատասխանատվության կոնկրետ դրսևորում:
Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակի պայմաններում Գյումրու համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների շուրջ 2000 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել մինչև օրս:
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության շատ կոնկրետ դրսևորում է: Այսօր Գյումրիում, ըստ էության, չկա որևէ ղեկավար պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար: Այդ մարդիկ մանդատ են ստացել ազատ անկախ ընտրություններով, Գյումրին կառավարելու հայտ են ներկայացրել: Հիմա իրենց քայլով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ, դեռ կողմից շահարկումներ են գնում, թե իշխանությունն է ճնշել, ստիպել»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ իշխանությունը ոչ ճնշել, ոչ ստիպել է:
Ըստ նրա՝ այդ մարդիկ որոշել են պարզապես վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, Հայաստանի Հանրապետությանը:
«Հեռանալ էլ կարելի է, բայց հեռանալ կարելի է այնպես, որ, ենթադրենք, աղբահանության խնդիր չառաջանա և այսպես շարունակ: Նրանք, որոնք կասեն, թե իշխանությունը ճնշել է, որ իրենք մանդատ դնեն, կատարյալ սուտ է, այդպիսի բան չի եղել: Գուցե ընդհակառակը՝ փորձ է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել ինչ–ինչ առավելություններ կամ արտոնություններ ունենալու կամ պահպանելու ուղղությամբ: Այդ շանտաժն ի սկզբանե չէր կարող անցնել»,–ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ որքան էլ բարդ է, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերները գտել են լուծումը, որ Գյումրու համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները աշխատավարձ ստանան հնարավորինս արագ: Ըստ նրա՝ առնվազն մեկ շաբաթվա ընթացքում կանեն դա:
Գյումրու ավագանու իշխող «Բալասանյան դաշինք»-ի անդամները վայր են դրել մանդատները: Իսկ դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, որոնք բավարարվել են: Գյումրիում կառավարման ճգնաժամ է առաջացել: