«Մոտ 80․000 դոլար չգիտես՝ ում գրպանն է մտնում․ սեպտեմբերից ակցիաներ ենք անցկացնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի հունվար ամսից հասարակական տրանսպորտը Հայաստանում թանկանալու է այնքան, որ օրինակ, Մոսկվայում, Պրահայում կամ Թբիլիսիում ավելի մատչելի է լինելու հասարակական տրանսպորտը։

Հասարակության մոտ, ովքեր օգտվում են տրանսպորտից, ոչ միանշանակ գոհունակություն է առաջացրել հասարակական տրանսպորտի համակարգում փոփոխություններ անելը։

Տարբեր հասարակական կամ քաղաքական գործիչներ անգամ ակցիաներ, ստորագրահավաքներ են կազմակերպում տրանսպորտի թանկացումների դեմ։

Օրինակ, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ ակցիաներ և ստորագրահավաք է սկսել Երևանի փողոցներում։

Նշենք, որ անցած շաբաթվանից սկսած էլ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես տրանսպորտային թանկացումների դեմ ստորագրահավաք է անցկացնում։

Տարբեր անձինք զուգահեռներ են տանում այս երկու ստորագրահավաքների միջև և նշում, որ մեկը մյուսին կրկնօրինակում է։

ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։

-Պարո՛ն Սուքիասյան, երեկվանից տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ և ստորագրահավաք եք իրականացնում, սակայն կա կարծիք, անգամ համացանցում տարածվող, որ այդ ամենը սկսել եք անել Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանից հետո։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Երբ, որ մենք սեպտեմբեր ամսին հանրությանը տարբեր վարչական շրջաններում իրազեկում էինք տրանսպորտի թանկացման վերաբերյալ, մեր ֆեյսբուքյան էջերով էինք տարածում սպասվող թանկացումների մասին, ասում էինք, որ դուրս ենք գալու պայքարի, Ձեր ասած այդ համացանցի օգտատերերի և մեդիաների մի զգալի մասի կողմից դա մատնվում էր անտարբերության։ Հետևաբար նախկին մեր արածի հանդեպ, մեր ակտիվ գործողության հանդեպ անտարբեր մարդիկ, երևի տեղին չէ, որ գնահատական տան։ Մեր ստորագրահավաքն իր էությամբ տարբերվում է Հայկ Մարությանի ստորագրահավաքից։

-Ինչո՞վ է տարբերվում Ձեր ստորագրահավաքը Մարությանի ստորագրահավաքից։

-Մեր ստորագրահավաքի արդյունքում Երևանի քաղաքացիների ընտրողների 1 տոկոսի ստորագրության արդյունքում «Մայր Հայաստան»-ի տրանսպորտի սակագնային նախագիծը վերստին մտնելու է ավագանու օրակարգ։ Այսինքն, իրավական, հրապարակային, շատ ուղղակի հանգուցալուծում է ստանալու և քաղաքացիները նորից տեսնելու են ավագանու նիստի ժամանակ գործող սակագները իշխանությունների կողմից առաջարկված և «Մայր Հայաստան»-ի կողմից առաջարկված սակագները, ընդ որում՝ վեր հանելով ողջ ստվերային «պերճանքն» ու թշվառությունը, որը գործում է այս պահին «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում։

-Ի՞նչ եք կարծում, հավաքված ստորագրությունները ինչ-որ բան կարո՞ղ են փոխել։

-Մենք փորձում ենք անել հնարավորինս, որպեսզի մարդիկ քաջատեղյակ լինեն, քանի որ շատերը տեղյակ չեն, ստորագրահավաքի ժամանակ դրա մասին համոզվում ենք, փորձում ենք գեներացնել հանրային տրամադրություն, որպեսզի հնարավոր լինի ազդել քաղաքի՝ այս պահին դեռևս գործող իշխանությանների վարքագծի ու մտադրությունների վրա, որոնք այսպես ասենք՝ որտեղ եղել են կոռուպցիոն հետագիծը այդպես շարունակվել է, այնպես որ խնդիրն առավելապես ստվերի մեջ էր։ Ստվերը Երևանի տրանսպորտային համակարգում չափազանց մեծ թիվ է կազմում, օրական մոտ 80․000 դոլար չգիտես՝ ում գրպանն է մտնում քաղաքացիների վճարած ուղեվարձից։

Աննա Սրապիոնյան




Լրահոս