Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցի շուրջ նոր զարգացումներ են սպասվում։
«Ազատություն» լրատվականը դեռևս հոկտեմբերի 29-ին գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի մոտ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկության հարցը բարձրացնել։
Չնայած Անդրանիկ Քոչարյանը և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը շտապեցին հերքել տեղեկությունը՝ բայց իշխանության ներսում եղած խորը տարաձայնությունների կծիկը բացվեց։
Պարզվեց, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացրել են պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Հրաչյա Հակոբյանը, Վիլեն Գափրիելյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ինչը նաև ՔՊ-ական պատգամավորների սրտով է եղել, իսկ պատճառը Քոչարյանի` խմբակցության անդամների մասին տարբեր վարկաբեկիչ հայտարարություններն են: Քոչարյանը պատգամավորներին, տարբեր ՔՊ-ականներին շատ վատ որակումներ է տվել տարբեր վայրերում, նրանց հետ առիթներ փնտրել վիճելու ու վարկաբեկելու համար:
Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած փակ նիստի ժամանակ ՔՊ-ականները դժգոհությունների տեղատարափ են հնչեցրել Անդրանի Քոչարյանի մասին, պատմել էին, որ վերջինս հաճախ է տարաձայնություններ հրահրում թիմում և վիրավորում իրենց։
Իր պաշտոնանկության խոսակցությունների ֆոնին՝ Անդրանիկ Քոչարյանը փորձեց իր թիմակիցներին զգուշացնել, որ իր դեմ ծավալված գործընթացը լավ տեղ չի տանելու․
«Հիմա ես հասկանում եմ՝ իշխանության կռիվ է գնում, իշխանությունը պայթեցնելու խնդիր է գնում: Բայց իմ խնդիրն է այդ պայթեցումները կանխելը: Եթե կա հեռահար նպատակ քաղաքական համակարգը պայթեցնելու, դա պետք է կանխել»,-հարցազրույցներից մեկում հայտարարել էր նա։
Չնայած Քոչարյանի՝ իր պաշտոնանկության հարց փակելու ջանքերին՝ այս հարցը շարունակում է մնալ ՔՊ-ականների օրակարգում, քանի որ նրանք լուրջ են տրամադրված և մտադիր են գործը մինչև վերջ հասցնել, իսկ վերջնական որոշումը կախված է Նիկոլ Փաշինյանից։
Ի դեպ, որքան էլ ՔՊ-ականները փորձում են վստահեցնել, թե իրնց մեջ տարաձայնություն չկա, բայց փաստ է՝ անգամ վարչության երեքշաբթի օրվա վարչության նիստին հրավիրվել են Սիսակ Գաբրիելյանը, Հրաչ Հակոբյանը և Քոչարյանը, որի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը հանդիմանել է նրանց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան, Քրիստինա Մուշեղյան