Բաքվում նոյեմբերի 11-ից մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը։
Այն կշարունակվի 2 շաբաթ՝ մինչև նոյեմբերի 22-ը։
COP միջոցառումների ընթացքում համաշխարհային առաջնորդները հավաքվում են՝ քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները:
Նախատեսվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ։
Համաժողովի արդեն 3 օրդն է ընթանում, բայց պաշտոնական Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը Բաքվում կայանալիք միջոցառմանը։
Երեկ ԱԺ ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար ոչ մի անգամ չի ներկայացվել, չի գրանցվել։
Փաստացի, Հայաստանը Բաքվից ակնկալիքներ ուներ, որ մինչ COP 29-ը գերիներ ազատ կվերադարձվեն, սակայն, մինչ օրս Բաքուն լռում է, իսկ գերիների մասին խոսք չկա։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նույնպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը COP-29-ին մասնակցելու հարցը կապում է Երևան-Բաքու բանակցությունների դինամիկայի հետ։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես հայտարարեց, որ գերիներ չվերադարձնելու պարագայում COP29-ին մասնակցությունը ճիշտ չէ։
Բաքվում ընթացող համաժողովին չի մասնակցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան