Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Թեհրանի ու Մոսկվայի շահերը չեն համընկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Իրանի դեսպանն այս մասին ասել է The New York Times պարբերականի հետ զրույցում։ Պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ ոչ կայուն կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանն ու Իրանը, որոնք հաճախ միասնական են համարվում իրենց նպատակների առումով, մրցակցում են ազդեցության ու առևտրային ճանապարհների անվտանգության համար։ Հոդվածում անդրադարձ է արվում Հայաստանի և Ռուսաստանի պայմանավորվածությանը, որ 2025 թվականի հունվարի 1-ից հայ-իրանական սահմանին ՌԴ սահմանապահների հետ ծառայություն կիրականացնեն նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահները, իսկ սահմանի անցակետում ծառայություն կիրականացնեն բացառապես ՀՀ սահմանապահները։ «Այստեղ՝ Կովկասում, որտեղ Եվրոպան հանդիպում է Ասիային, Ռուսաստանը և Իրանը ավելի ու ավելի շատ են դիտվում որպես մրցակիցներ, մինչդեռ արևմտյան երկրները, զարմանալիորեն, ընդհանուր գործ են գտնում Թեհրանի հետ»,- ասված է հոդվածում:Այնուհետև պարբերականը ներկայացնում է Հայաստանում Իրանի դեսպանի հետ զրույցը՝ նշելով, որ դեսպանը խոստովանել է, որ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում տարբերվող շահեր ունեն։

«Մենք դաշնակիցներ չենք։ Մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակիցներ ենք»,-դեսպանի խոսքերը մեջբերել է պարբերականը։ Մեհդի Սոբհանին նաև վերահաստատել է, որ Իրանը չի կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն։Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կանի Իրանը, եթե Ադրբեջանը հարձակում գործի Հայաստանի դեմ՝ դեսպան Սոբհանին նշել է․ «Դա տեղի չի ունենա»։ Պարբերականն, անդրադառնալով Հարավային Կովկասում՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ռազմավարական նշանակությանը, նշել է, որ մարզով անցնող ճանապարհներն առանցքային նշանակություն ունեն իրանական ապրանքները Պարսից ծոցից Ռուսաստան ու Եվրոպա հասցնելու համար։

«Այստեղ է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ուզում են արևելք-արևմուտք ճանապարհ բացել դեպի Թուրքիա, որը կլինի Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Հայերը մտավախություն ունեն, որ այդ ճանապարհն Ադրբեջանը կվերցնի ուժով», – նշված է հոդվածում։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն իր հերթին հայտարարել է․ «Իրանցիները այստեղ՝ տարածաշրջանում, հայերի լավագույն բարեկամներն են։ Մինչ Ռուսաստանը և Ադրբեջանը հակված չեն եվրոպական ներկայությանը, Իրանը, կարծես, ընդունում է դա»: Ռիտերը նաև հավելել է, որ տարածաշրջանում իրավիճակը բավականին բարդ է։




Լրահոս