Բնապահպանության նախարարը «խորովում է» ձկնաբույծներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի երեկվա հայտարարությունը մտահոգել է ձկնաբույծներին: Armlur.am լրատվականի թղթակցին այդ մասին ասաց Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի ղեկավար Արթուր Աթոյանը։ Վերջինիս խոսքով` բնապահպանության նախարարը ձկնաբույծներին գցեց կրակի մեջ, հիմա էլ խորովում է:

-Ինչո՞վ  գցեց կրակի մեջ, կմանրամասնե՞ք:

-Բա ո՞վ տվեց ջրի օգտագործման թույլտվությունը: Ձկնաբույծը որտեղի՞ց գիտեր այդ թույլտվության տեղը: «Էստի՛ համեցեք» գոռալով կանչեցին ձկնաբույծներին, թույլտվությունը տվեցին, հիմա էլ այդ թույլտվությունը գլխներին պատուհաս դարձավ:

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկելու ձկնաբույծները:

-Ձկնաբույծները շատ բան են որոշել: Քայլ առ քայլ գնում ենք առաջ:

Նամակ ենք գրել ՀՀ նախագահին: Տարիներ շարունակ քաղաքականություն է տարվել, հիմա մի քանի ամսում ուզում են հարց լուծել ձկնաբույծի հաշվին: Նման պրակտիկա չկա: Կապվել ենք տարբեր երկրների փորձագետների հետ. վերջիններս ապշած են` ոնց կարելի է բարեփոխումներ անել մի քանի ամսում:

Դանիայում, օրինակ, նման բարեփոխումները տևել են 16-20 տարի: Դանիայից հրավիրված փորձագետը Հայաստանում հայտարարել էր, որ մինչև 2050-ը Հայաստանը ջրի խնդիր չի ունենա: Նրանք, եթե ուսումնասիրում են, ուսումնասիրում են նաև մեր ջրօգտագործման ծավալները:

-Պարո՛ն Աթոյան, չե՞ք կարծում, որ ձկնաբուծական ընկերությունների` մեծ ծավալով ջրի օգտագործման պատճառով Արարատի և Արմավիրի մարզի մի շարք համայնքներ մնացել են առանց  ջրի:

-Ես մասամբ համաձայն եմ այդ տեսակետին, քանի որ հակառակն ապացուցող փաստեր չունեմ: Բայց կա նաև հարցի մեկ այլ կողմը, եթե շատ համայնքներ ջրազրկվել են, ապա ինչու է տարիներ շարունակ տրվել ջրի թույլտվություն:

Երկրորդ` 2010-ին փոխվարչապետի հետ կազմակերպված հանդիպման ժամանակ 35 համայնքների ղեկավարներ միաբերան ասացին, որ վնասված է ջրի ոռոգման ցանցը: Մի կողմից ասում են` ձկնաբուծարանները տարածքները ճահճացնում են, մի կողմից էլ ասում են` ջուր չկա ոռոգելու: Էդ բաց թողած ջրերի վրա այնպիսի գներ են դրել, որ դարձել է ոսկու գին: Օրինակ՝ Արմաշում: 500 մետր հետո ջուրը գնում է Թուրքիա, այլևս մերը չէ, բայց երբ պետք է մի դույլ ջուր վերցնես, պետք է վճարես:

-Ըստ ձեզ` շան գլուխը որտե՞ղ  է թաղված, որտեղ են թաքնված խնդրի արմատները: 

-Ամենակարևորն ասեմ`  պետական կառույցների համագործակցությունը մասնավոր հատվածի հետ:  Մեր նախարարություններն աշխատում են ինչ-որ հասկացությունների հիման վրա: Շատերը չեն հասկանում` իշխանական լիազորություններն իրենց լիազորությունը չեն:

Արամ Հարությունյանը չի հասկանում, որ բնապահպանության նախարարությունն իր դուքանը չէ, որտեղ ինչ ուզենա, անի: Էդ մարդը սահմանադրական իրավունքի իմացություն չունի: Չի հասկանում օրենքի հավասարություն: Ցավոք, գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ առաջնորդվում են պաշտոնյային ոչ հարիր փողոցային «понятие»-ներով:

-Կա՞ վտանգ, որ ձկնաբուծական շատ ընկերություններ կփակվեն:

-Այո՛, մոտ 80 տոկոսով:

Սոնա Դավթյան




Լրահոս